Հոդված 16
Հոդված 16
Քարտուղարություն
1. Քարտուղարության վրա դրվում են հետևյալ գործառույթները.
ա/ խորհրդակցությունների կազմակերպում և սպասարկում, ինչպես որ նախատեսվում է 15-րդ և 17-րդ հոդվածներում,
բ/ 3-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ստացված տեղեկատվության, 15-րդ հոդվածի համաձայն սահմանված օժանդակ մարմինների խորհրդակցությունների տեղեկատվության, ինչպես նաև, եթե դա կիրառելի է, համապատասխան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության վրա հիմնված զեկույցների նախապատրաստում և փոխանցում,
գ/ սույն Կոնվենցիայի համաձայն իր գործառույթների կատարման ուղղությամբ ծավալած գործունեության մասին զեկույցների նախապատրաստում և ներկայացում Կողմերի Կոնֆերանսին,
դ/ գործունեության անհրաժեշտ համակարգման ապահովում համապատասխան միջազգային մարմինների հետ և, մասնավորապես, այնպիսի վարչական և պայմանագրային համաձայնությունների կնքում, որոնք կարող են պետք լինել իր գործառույթների արդյունավետ կատարման համար,
ե/ կապի պահպանում Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն ստեղծված` հատկացված կենտրոնների և իրավասու մարմինների հետ,
զ/ տեղեկատվության կազմում Կողմերի հաստատված ազգային տեղերի և օբյեկտների մասին, որոնք կարող են օգտագործվել դրանց վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար և այդ տեղեկատվության տարածում Կողմերի միջև,
է/ Կողմերից հետևյալ բովանդակությամբ տեղեկատվության ստացում և ուղարկում իրենց.
- առկա գիտատեխնիկական գիտելիքների և փորձի,
- խորհրդատվական օժանդակության և փորձաքննության,
- ռեսուրսների առկայության վերաբերյալ, իրենց խնդրանքով, հետևյալ բնագավառներում օժանդակություն ցույց տալու նպատակով,
- տեղեկացման համակարգի կիրառում սույն Կոնվենցիայի շրջանակներում,
- վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործում,
- վտանգավոր և այլ թափոնների հետ կապված` էկոլոգիապես հիմնավորված տեխնոլոգիայի ներդրում, ինչպիսիք սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաներն են,
- հնարավորությունների և հեռացման վայրերի գնահատում,
- վտանգավոր և այլ թափոնների մոնիտորինգ, և
- միջոցների ձեռնարկում արտակարգ իրավիճակներում,
ը/ Կողմերին, իրենց խնդրանքով, տեղեկատվությամբ ապահովում անհրաժեշտ տեխնիկական իրավասությամբ օժտված խորհրդատուների կամ խորհրդատվական ծառայությունների մասին, որոնք կարող են իրենց օժանդակել` ուսումնասիրելու անդրսահմանային փոխադրման մասին տեղեկացումը, վտանգավոր և այլ թափոնների ենթադրվող բեռնաթափումը ստացված տեղեկացմանը համապատասխանելու մասին հարցը և/կամ այն փաստը, որ վտանգավոր թափոնների հեռացման համար առաջարկվող օբյեկտները կրում են էկոլոգիապես հիմնավորված բնույթ, եթե հիմք կա ենթադրելու, որ տվյալ թափոնները չեն օգտագործվի էկոլոգիապես հիմնավորված կերպով: Յուրաքանչյուր այդպիսի հարցի ուսումնասիրումը կատարվում է ոչ քարտուղարության հաշվին,
թ/ Կողմերին, իրենց խնդրանքով, օգնության տրամադրում անօրինական շրջանառության դեպքերի որոշման հարցում և շահագրգիռ Կողմերի միջև անօրինական շրջանառության վերաբերյալ քարտուղարության կողմից ստացված յուրաքանչյուր տեղեկատվության անհապաղ տարածում,
ժ/ համագործակցություն Կողմերի և համապատասխան իրավասու միջազգային կազմակերպությունների և հիմնարկների միջև փորձագետներ և սարքավորում տրամադրելու հարցում՝ արտակարգ իրավիճակների դեպքում պետություններին օպերատիվ օգնություն ցույց տալու նպատակով, և
ժա/ սույն Կոնվենցիայի նպատակների հետ կապված այնպիսի այլ գործառույթների կատարում, որոնք կորոշի Կողմերի Կոնֆերանսը:
2. Քարտուղարության գործառույթները ժամանակավոր կատարում է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիրը, մինչև Կողմերի Կոնֆերանսի առաջին խորհրդակցության ավարտը, որը հրավիրվել է` ի կատարումն 15-րդ հոդվածի:
3. Իր առաջին խորհրդակցության ժամանակ Կողմերի Կոնֆերանսը քարտուղարություն է ստեղծում այն գոյություն ունեցող ոչ կառավարական իրավասու կազմակերպություններից, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարելու քարտուղարության գործառույթները` սույն Կոնվենցիայի համաձայն: Այդ խորհրդակցության ընթացքում Կողմերի Կոնֆերանսը կտա նաև ժամանակավոր քարտուղարության կողմից իր վրա դրված գործառույթների իրագործման ընթացիկ գնահատականը, մասնավորապես, վերը բերված 1-ին կետի շրջանակներում, և որոշում կընդունի այդ գործառույթների կատարման համար անհրաժեշտ մեխանիզմների մասին: