Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
1. «Թափոններ» - նյութեր կամ առարկաներ, որոնք հեռացվում են, նախատեսվում են հեռացման համար կամ ենթակա են հեռացման` համաձայն ազգային օրենսդրության դրույթներին,
2. «օգտագործում» - վտանգավոր և այլ թափոնների հավաքում, տեղափոխում և հեռացում, այդ թվում` հեռացման վայրերի հետագա հսկողություն,
3. «անդրսահմանային փոխադրում» - վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր տեղափոխում տվյալ պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջանից այլ պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջան կամ այդ շրջանի տարածքով կամ էլ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող շրջան կամ այդ շրջանի տարածքով` պայմանով, որ այդպիսի տեղափոխումը ներգրավի առնվազն երկու պետություն,
4. «հեռացում» - յուրաքանչյուր գործողություն, որը նշված է սույն Կոնվենցիայի 4-րդ հավելվածում,
5. «հատկացված վայրեր կամ օբյեկտներ» - վայրեր կամ օբյեկտներ վտանգավոր կամ այլ թափոնների հեռացման համար, որոնց վերաբերյալ թույլտվություն կամ լիցենզիա է ստացվել այն պետության համապատասխան մարմնից, որի տարածքում գտնվում են այդ վայրերը կամ օբյեկտները,
6. «իրավասու մարմին» - պետական մարմին, որին Կողմը պատասխանատու է կարգել այն աշխարհագրական սահմաններում, որոնք կարող է պատշաճ համարել վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում կամ դրա հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվության ստացման, ինչպես նաև, 6-րդ հոդվածի համաձայն, այդ ծանուցման պատասխանը ապահովելու համար,
7. «հատկացված կենտրոն» - 5-րդ հոդվածում նշված Կողմի իրավաբանական անձ, որը պատասխանատու է 13-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված տեղեկատվությունը տրամադրելու համար,
8. «վտանգավոր կամ այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործում» - գործնականում հնարավոր բոլոր միջոցների ձեռնարկում, որպեսզի վտանգավոր կամ այլ թափոնների օգտագործման արդյունքում մարդու առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանվեն այդ թափոնների հնարավոր բացասական ազդեցությունից,
9. «պետության ազգային իրավազորության ներքո գտնվող շրջան» - ցամաքի կամ ծովի յուրաքանչյուր շրջան կամ օդային տարածք, որի սահմաններում պետությունը, միջազգային իրավունքին համաձայն, վարչական և նորմատիվ պատասխանատվություն է կրում մարդու առողջության պահպանման և շրջակա միջավայրի վիճակի համար,
10. «արտահանող պետություն» - յուրաքանչյուր Կողմ, որից նախատեսվում կամ սկսվել է վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը,
11. «ներմուծող պետություն» - Կողմ, որտեղ նախատեսվում կամ իրագործվում է վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը հեռացման կամ նախքան հեռացումը բարձելու նպատակով այն շրջանում, որի վրա չի տարածվում որևէ պետության իրավազորությունը,
12. «տարանցիկ փոխադրման պետություն» - յուրաքանչյուր պետություն, որը ներմուծող կամ արտահանող չէ, և որի տարածքով իրականացվում է վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը,
13. «շահագրգիռ պետություններ» - Կողմեր, որոնք հանդիսանում են ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրման պետություններ` անկախ այն բանից` Կողմեր են, թե ոչ,
14. «անձ» - յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
15. «արտահանող» - արտահանող պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ, որը կազմակերպում է վտանգավոր կամ այլ թափոնների արտահանումը,
16. «ներմուծող» - ներմուծող պետության իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ, որը կազմակերպում է վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծումը,
17. «փոխադրող» - յուրաքանչյուր անձ, որն իրականացնում է վտանգավոր կամ այլ թափոնների տրանսպորտային փոխադրումը,
18. «արտադրող» - յուրաքանչյուր անձ, որի գործունեությունը հանգեցնում է վտանգավոր կամ այլ թափոնների գոյացմանը, կամ, եթե այդ անձը անհայտ է, այդ թափոնները տնօրինող կամ դրանք վերահսկող անձ,
19. «հեռացման համար պատասխանատու անձ» - յուրաքանչյուր անձ, որին հասցեագրված են վտանգավոր կամ այլ թափոնները, և որն իրականացնում է այդ թափոնների հեռացումը,
20. «քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպություն»- կազմակերպություն, որը բաղկացած է ինքնիշխան պետություններից, որին իր անդամ պետությունները վերապահել են սույն Կոնվենցիայով կարգավորող հարցերում իրավասություն, և որը պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հավանություն տալու, պաշտոնապես հաստատելու կամ միանալու այդ Կոնվենցիային` իր ներքին ընթացակարգի համաձայն,
21. «անօրինական շրջանառություն» - վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում` 9-րդ հոդվածի համաձայն: