Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ընդհանուր պարտավորություններ

1. ա/ Կողմերը, իրականացնելով հեռացման նպատակով վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծումը արգելելու իրենց իրավունքը, այլ Կողմերին տեղեկացնում են իրենց որոշման մասին` 13-րդ հոդվածի համաձայն,

բ/ Կողմերը արգելում կամ թույլ չեն տալիս վտանգավոր և այլ թափոնների արտահանումը այն Կողմերին, որոնք արգելք են դրել այդ թափոնների ներմուծման վրա, եթե այդ մասին տեղեկացվել են վերը նշված «ա» ենթակետին համաձայն,

գ/ Կողմերը արգելում կամ թույլ չեն տալիս վտանգավոր և այլ թափոնների արտահանումը այն ներմուծող պետությունների տարածք, որոնք արգելք չեն դրել վտանգավոր և այլ թափոնների ներմուծման վրա, եթե ներմուծող պետությունը գրավոր համաձայնություն չի տալիս տվյալ ներմուծվող բեռը ստանալուն:

2. Յուրաքանչյուր Կողմ պատշաճ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի՝

ա/ ապահովի, որ իր տարածքում վտանգավոր և այլ թափոնների արտադրությունը հասցվի նվազագույնի սոցիալական, տեխնիկական և տնտեսական առումով,

բ/ ապահովի համապատասխան հեռացման օբյեկտների առկայությունը, անկախ հեռացման վայրից, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման նպատակով,

գ/ ապահովի, որ իր տարածքում վտանգավոր և այլ թափոններ օգտագործող անձինք ձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են շրջանառության արդյունքում վտանգավոր և այլ թափոններով աղտոտումը կանխելու համար, և եթե այդպիսի աղտոտում այնուամենայնիվ տեղի է ունենում, դրա հետևանքները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար հասցվեն նվազագույնի,

դ/ ապահովի, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը հասցվի նվազագույնի, այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ օգտագործման համաձայն, և իրականացվի այնպես, որ մարդու առողջությունը և շրջակա միջավայրը զերծ մնան այդպիսի փոխադրման հնարավոր բացասական ազդեցություններից,

ե/ չթույլատրի վտանգավոր կամ այլ թափոնների արտահանումը տնտեսական և կամ քաղաքական ինտեգրացման կազմակերպության պատկանող Կողմ պետություններին կամ պետությունների խմբերին, որոնք Կողմ են հանդիսանում, մասնավորապես, զարգացող երկրներին, որոնք իրենց օրենսդրության շրջանակներում արգելել են ներմուծումը, կամ եթե հիմք կա ենթադրելու, որ այդ թափոնների օգտագործումը չի կատարվելու էկոլոգիապես հիմնավորված կերպով` Կողմերի առաջին խորհրդակցության ընթացքում որոշվելիք չափանիշների համաձայն,

զ/ պահանջի շահագրգիռ պետություններին տեղեկատվության տրամադրում վտանգավոր և այլ թափոնների առաջարկվող անդրսահմանային փոխադրման վերաբերյալ, 5.Ա հավելվածի համաձայն, որը հստակ պատկերացում է տալիս մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա առաջարկվող փոխադրման հետևանքների մասին,

է/ թույլ չտա վտանգավոր և այլ թափոնների ներմուծում, եթե հիմք կա ենթադրելու, որ այդ թափոնների օգտագործումը չի իրականացվելու էկոլոգիապես հիմնավորված կերպով,

ը/ անմիջապես կամ քարտուղարության միջոցով համագործակցի այլ Կողմերի և շահագրգիռ կազմակերպությունների հետ միջոցների կիրառման, այդ թվում` վտանգավոր և այլ թափոնների փոխադրման վերաբերյալ տեղեկատվության տարածման հարցում՝ այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը կատարելագործելու և դրանց անօրինական շրջանառությունը կանխելու նպատակով:

3. Կողմերը վտանգավոր կամ այլ թափոնների անօրինական շրջանառությունը համարում են հանցավոր արարք:

4. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է պատշաճ իրավական, վարչական և այլ միջոցներ` սույն Կոնվենցիայի դրույթները կատարելու և պահպանելու, այդ թվում` Կոնվենցիային հակասող վարվելակերպը կանխելու և նման դեպքերում պատժամիջոցներ կիրառելու համար:

5. Կողմը թույլ չի տալիս վտանգավոր կամ այլ թափոնների արտահանում Կողմ չհանդիսացող պետությունից:

6. Կողմերը պայմանավորվում են, որ թույլ չտան վտանգավոր կամ այլ թափոնների արտահանում հեռացման նպատակով հարավային լայնության 600-ից դեպի հարավ` տարածքից դուրս, անկախ այն բանից` այդ թափոնները անդրսահմանային փոխադրման օբյեկտ են, թե ոչ:

7. Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ.

ա/ արգելում է իր ազգային իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց զբաղվել վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումով կամ հեռացումով, եթե միայն այդ անձինք չեն ստացել այդպիսի գործողություններ կատարելու թույլտվություն կամ համաձայնություն,

բ/ պահանջում է, որ անդրսահմանային փոխադրման օբյեկտ հանդիսացող վտանգավոր կամ այլ թափոնները փաթեթավորվեն, պիտակավորվեն և փոխադրվեն` համաձայն փաթեթավորման, պիտակավորման և փոխադրման բնագավառում ընդունված միջազգային կանոնների և նորմերի, և որ հաշվի

առնվի համապատասխան միջազգային ճանաչում ստացած գործելակերպը,

գ/ պահանջում է, որ վտանգավոր կամ այլ թափոնների փոխադրումը, սկսած անդրսահմանային փոխադրման ելակետից մինչև հեռացման վայրը, ուղեկցվի փաստաթղթով:

8. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ արտահանվող վտանգավոր կամ այլ թափոնները օգտագործվեն էկոլոգիապես հիմնավորված ձևով ներմուծող պետությունում կամ այլ պետություններում: Սույն Կոնվենցիայի համաձայն` թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ տեխնիկական բնույթի ղեկավարող սկզբունքները Կողմերը կորոշեն իրենց առաջին խորհրդակցության ժամանակ:

9. Կողմերը ձեռնարկում են համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը թույլատրվի միայն այն դեպքում, եթե.

ա/ արտահանող պետությունը չունի տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ օբյեկտներ, հզորություններ կամ համապատասխան վայրեր այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված և արդյունավետ հեռացման համար, կամ

բ/ այդ թափոնները անհրաժեշտ են ներմուծող պետությանը որպես հումք վերականգնման կամ կրկնակի շրջանառության ձեռնարկությունների համար, կամ

գ/ այդպիսի անդրսահմանային փոխադրումը համապատասխանում է այլ չափանիշների, որոնք կորոշեն Կողմերը` այն պայմանով, որ այդ չափանիշները չեն հակասում սույն Կոնվենցիայի նպատակներին:

10. Վտանգավոր և այլ թափոններ արտադրող պետության պարտավորությունը, սույն Կոնվենցիայի շրջանակներում պահանջել, որ այդ թափոնները օգտագործվեն էկոլոգիապես հիմնավորված կերպով, որևէ պարագայում չի կարող տարածվել ներմուծող կամ տարանցիկ փոխադրման պետության վրա:

11. Սույն Կոնվենցիայի որևէ կետ չի խոչընդոտում, որ Կողմը սահմանի սույն Կոնվենցիայի դրույթներն ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լրացուցիչ պահանջները մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը բարելավելու նպատակով:

12. Սույն Կոնվենցիայի որևէ կետ որևէ կերպ չի ազդում իր տարածքային ծովի հանդեպ պետության ինքնիշխանության վրա, որը սահմանվել է միջազգային իրավունքին համապատասխան, պետության ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը իր բացառիկ տնտեսական գոտիների և մայրցամաքային ելուստի հանդեպ՝ միջազգային իրավունքին համապատասխան, բացի այդ, ոչինչ չի խոչընդոտում, որ բոլոր պետությունների ծովային և օդային նավերը իրագործեն նավագնացության իրավունքներն ու ազատությունները այն տեսքով, որոնցով նախատեսվում են միջազգային իրավունքով և արտահայտվում են համապատասխան միջազգային փաստաթղթերում:

13. Կողմերը պարտավորվում են պարբերաբար վերանայել այլ պետություններ, մասնավորապես, զարգացող երկրներ արտահանվող վտանգավոր և այլ թափոնների ծավալը և/կամ աղտոտող հատկությունները նվազեցնելու հնարավորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։