Հոդված 18
Հոդված 18
Հավելվածների ընդունումը և դրանցում ուղղումներ մտցնելու կարգը
1. Սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության հավելվածները, համապատասխանաբար, կազմում են սույն Կոնվենցիայի և տվյալ արձանագրության անբաժանելի մասը. եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, ապա հղումը սույն Կոնվենցիային կամ նրա որևէ արձանագրությանը միևնույն ժամանակ հղում է դրա յուրաքանչյուր հավելվածին: Այդպիսի հավելվածները սահմանափակվում են գիտատեխնիկական և վարչական հարցերով:
2. Եթե որևէ արձանագրությամբ չեն նախատեսվում այլ դրույթներ դրա հավելվածների վերաբերյալ, ապա օգտագործվում է սույն Կոնվենցիայի լրացուցիչ հավելվածների կամ արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու հետևյալ ընթացակարգը.
ա/ սույն Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների հավելվածները առաջարկվում կամ ընդունվում են 17-րդ հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում սահմանված ընթացակարգի համաձայն,
բ/ յուրաքանչյուր Կողմ, որը հնարավոր չի գտնում ընդունել սույն Կոնվենցիայի կամ որևէ արձանագրության, որի մասնակիցն է հանդիսանում, լրացուցիչ հավելված, գրավոր այդ մասին տեղեկացնում է ավանդապահին վեց ամսվա ընթացքում այն օրից, երբ ավանդապահը հայտնել է դրա ընդունման մասին: Ավանդապահը անհապաղ բոլոր Կողմերին տեղեկացնում է յուրաքանչյուր այդպիսի ստացված տեղեկացման մասին: Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ առարկության մասին նախկինում ուղարկած իր դիմումը փոխարինել ընդունման մասին դիմումով, որից հետո հավելվածները ուժի մեջ կմտնեն տվյալ Կողմի համար,
գ/ ավանդապահի կողմից հաղորդագրությունն ուղարկվելուց վեց ամիս անց հավելվածը ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր համապատասխան արձանագրության բոլոր այն Կողմերի համար, որոնք տեղեկացում չեն ներկայացրել վերը բերված «բ» ենթակետի դրույթների համաձայն:
3. Սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր արձանագրության հավելվածներին վերաբերող ուղղումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կարգավորվում են այնպիսի ընթացակարգով, որը համանման է Կոնվենցիայի հավելվածների կամ որևէ արձանագրության հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգին: Դրանց հավելվածներում և ուղղումներում պատշաճ կերպով հաշվի են առնվում inter alia համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:
4. Եթե լրացուցիչ հավելվածը կամ հավելվածին վերաբերող ուղղումը կապված են սույն Կոնվենցիայի կամ յուրաքանչյուր արձանագրության մեջ ուղղում մտցնելու հետ, ապա այդպիսի լրացուցիչ հավելվածը կամ ուղղումներով հավելվածը ուժի մեջ են մտնում միայն սույն Կոնվենցիային կամ համապատասխան արձանագրությանը վերաբերող ուղղումը ուժի մեջ մտնելուց հետո: