Հոդված 6
Հոդված 6
Անդրսահմանային փոխադրում Կողմերի միջև
1. Արտահանող պետությունը տեղեկացնում է կամ արտադրողից կամ արտահանողից պահանջում է արտահանող պետության իրավասու մարմնի միջոցով գրավոր տեղեկացնել շահագրգիռ պետությունների իրավասու մարմիններին վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր նախատեսվող փոխադրման մասին: Նման տեղեկացումները /ծանուցումները/ պետք է պարունակեն 5-րդ հավելվածով նախատեսված դիմումները և տեղեկություն ներմուծող պետության համար ընդունելի լեզվով: Յուրաքանչյուր շահագրգիռ պետության բավական է ուղարկել մեկ ծանուցում:
2. Ներմուծող պետությունը ծանուցողին գրավոր պատասխան է հղում ծանուցման ստացման մասին, որով փոխադրման համաձայնություն է տալիս որոշակի պայմաններով կամ առանց դրանց, մերժում է փոխադրման թույլտվությունը կամ լրացուցիչ տեղեկություն տրամադրելու հարցում անում: Ներմուծող պետությանը հղած վերջնական պատասխանի օրինակը ուղարկվում է Կողմ հանդիսացող շահագրգիռ պետությունների իրավասու մարմիններին:
3. Արտահանող պետությունը արտադրողին կամ արտահանողին չի թույլատրում անդրսահմանային փոխադրում սկսել, մինչև որ գրավոր հավաստիացում ստանա այն մասին, որ.
ա/ ծանուցողը գրավոր համաձայնություն է ստացել ներմուծող պետությունից,
բ/ ծանուցողը ներմուծող պետությունից հավաստիացում է ստացել արտահանողի և թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև կնքված պայմանագրի առկայության փաստի վերաբերյալ, որում շեշտվում է այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը:
4. Յուրաքանչյուր Կողմ հանդիսացող տարանցիկ փոխադրման պետություն անհապաղ ծանուցողին հավաստում է ծանուցում ստանալու մասին: Այնուհետև նա 60 օրվա ընթացքում ծանուցողին հղում է գրավոր պատասխան, որով փոխադրման համաձայնություն է տալիս /որոշակի պայմաններով կամ առանց դրանց/, մերժում է փոխադրման թույլտվությունը կամ հարցում անում լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ: Արտահանող պետությունը թույլ չի տալիս անդրսահմանային փոխադրում սկսել, մինչև որ տարանցիկ փոխադրման պետությունից գրավոր համաձայնություն չստացվի: Սակայն եթե Կողմը ցանկացած պահի որոշում ընդունի ընդհանրապես կամ որոշակի պարագաներում չպահանջել նախնական գրավոր համաձայնություն վտանգավոր կամ այլ թափոնների տարանցիկ փոխադրման վերաբերյալ կամ փոխի իր պահանջը այդ առումով, նա անհապաղ իր որոշման մասին պետք է տեղեկացնի այլ Կողմերին` 13-րդ հոդվածի համաձայն: Այդ վերջին դեպքում, եթե տարանցիկ փոխադրման պետության կողմից տվյալ ծանուցումը ստանալուց հետո` 60 օրվա ընթացքում, արտահանող պետությունը պատասխան չի ստանում, ապա արտահանող պետությունը կարող է թույլատրել արտահանում սկսել տարանցիկ փոխադրման պետության տարածքով:
5. Թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում, երբ այդ թափոնները օրենքի հիման վրա որոշվում կամ դիտարկվում են որպես վտանգավոր թափոններ, միայն.
ա/ արտահանող պետության կողմից սույն հոդվածի 9-րդ կետի պահանջները, որոնք կիրառվում են արտահանողի կամ հեռացման համար պատասխանատու անձի և ներմուծող պետության նկատմամբ mutatis mutandis, կիրառվում են, համապատասխանաբար, արտահանողի և արտահանող պետության նկատմամբ,
բ/ Կողմ հանդիսացող ներմուծող պետության կամ ներմուծող և տարանցիկ փոխադրման պետությունների կողմից, սույն հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի պահանջները, որոնք կիրառվում են արտահանողի և արտահանող պետության նկատմամբ mutatis mutandis, կիրառվում են, համապատասխանաբար, ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կամ ներմուծող պետության նկատմամբ, կամ
գ/ Կողմ հանդիսացող յուրաքանչյուր տարանցիկ փոխադրման պետության կողմից, ապա այդ պետության նկատմամբ կիրառվում են միայն 4-րդ կետի դրույթները:
6. Արտահանող պետությունը, շահագրգիռ պետությունների գրավոր համաձայնության պայմանով, նույն ֆիզիկական և քիմիական հատկություններով վտանգավոր կամ այլ թափոնների հեռացման համար պատասխանատու նույն անձին, արտահանող պետության նույն արտահանման մաքսային կետերից և ներմուծող պետության նույն ներմուծման մաքսային կետերից, իսկ տարանցիկ փոխադրումների դեպքում՝ տարանցիկ փոխադրման պետության կամ պետությունների նույն ներմուծման և արտահանման մաքսային կետերից կանոնավոր առաքումներ կատարելու դեպքում կարող է թույլատրել արտադրողին կամ արտահանողին օգտագործել ընդհանուր ծանուցում:
7. Շահագրգիռ պետությունները կարող են արտահայտել իրենց գրավոր համաձայնությունը 6-րդ կետում նշված ընդհանուր ծանուցման գործառույթի օգտագործման վերաբերյալ` որոշակի տեղեկատվություն ներկայացնելու պայմանով, այն է՝ բեռնառաքման ենթակա վտանգավոր կամ այլ թափոնների հստակ քանակությունը կամ պարբերական ցուցանակները:
8. 6-րդ և 7-րդ կետերում նշված ընդհանուր ծանուցումը կամ գրավոր համաձայնությունը կարող են ընդգրկել վտանգավոր կամ այլ թափոնների բազմակի բեռնառաքումները 12 ամիս առավելագույն տևողությամբ:
9. Կողմերը պահանջում են, որ յուրաքանչյուր անձ, որն իր վրա է վերցնում վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը, փոխադրման փաստաթուղթը ստորագրի կամ այլ թափոնների առաքման կամ դրանց ստացման ժամանակ: Նրանք պահանջում են նաև, որ թափոնների հեռացման համար պատասխանատու անձը և արտահանողին, և արտահանող պետության իրավասու մարմնին տեղեկացնի այդ թափոնների ստացման մասին, ինչպես նաև հեռացման ավարտի մասին, ինչպես նշված է տեղեկացման մեջ: Եթե արտահանող պետությունը այդպիսի տեղեկություն չի ստանում, արտահանող պետության իրավասու մարմինը կամ արտահանողը այդ մասին տեղեկացնում են ներմուծող պետությանը:
10. Ծանուցումը և դրա պատասխանը, որոնք պահանջվում են սույն հոդվածի համաձայն, ուղարկվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմիններին կամ Կողմ չհանդիսացող պետությունների համապատասխան կառավարական մարմնին:
11. Վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում Կողմ հանդիսացող ներմուծող պետության կամ տարանցիկ փոխադրման պետության պահանջով հատուցվում է ապահովագրությամբ, երաշխիքով կամ այլ գրավականով: