Հոդված 12. Իրավունքների վերականգնումը գերատեսչության` պատշաճ միջոցներ ձեռնարկելը կամ կանխամտածված չլինելը բացահայտելուց հետո
Հոդված 12. Իրավունքների վերականգնումը գերատեսչության` պատշաճ միջոցներ ձեռնարկելը կամ կանխամտածված չլինելը բացահայտելուց հետո
1) [Միջնորդություն] Պայմանավորվող կողմը պետք է ապահովի, որ եթե հայտատուն կամ իրավատերը չեն պահպանել գերատեսչությունում որևէ գործընթացի գործողություններ իրականացնելու ժամկետները, և եթե այդ ժամկետները չպահպանելը անմիջականորեն հանգեցնում է հայտի կամ արտոնագրի նկատմամբ իրավունքների կորստի, գերատեսչությունը վերականգնում է տվյալ հայտի կամ արտոնագրի նկատմամբ հայտատուի կամ իրավատիրոջ իրավունքները, եթե.
i) այդ մասին միջնորդությունը գերատեսչություն է ներկայացվել Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան,
ii) միջնորդությունը ներկայացվել է, և բոլոր այն պահանջները, որոնց նկատմամբ կիրառվում էր ժամկետը՝ տվյալ գործողությունն իրականացնելու համար, կատարվել են Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում,
iii) միջնորդության մեջ նշված են ժամկետները չպահպանելու պատճառները, և
iv) գերատեսչությունը գտնում է, որ ժամկետները չպահպանելը տեղի է ունեցել` չնայած այն փաստին, որ տվյալ հանգամանքներում ձեռնարկվել են պատշաճ միջոցներ, կամ, Պայմանավորվող կողմի ընտրությամբ, որ այդպիսի ուշացումը կանխամտածված չի եղել:
2) [Բացառություններ] Պայմանավորվող ոչ մի կողմից չի պահանջվում ապահովել 1-ին պարբերության համաձայն իրավունքների վերականգնում Կանոնակարգով սահմանված բացառությունների նկատմամբ։
3) [Տուրքեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել 1-ին պարբերության համաձայն միջնորդության առնչությամբ տուրքերի վճարում։
4) [Փաստեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 1-ին պարբերության iii ենթակետում նշված պատճառները հաստատող հայտարարությունը կամ այլ փաստեր ներկայացվեն գերատեսչություն վերջինիս կողմից սահմանված ժամկետում։
5) [Դիտողություններ ներկայացնելու հնարավորությունը մերժման մտադրության դեպքում] 1-ին պարբերության համաձայն՝ միջնորդությունը չի կարող լրիվ կամ մասնակի մերժվել` առանց միջնորդող կողմին ողջամիտ ժամկետի ընթացքում մերժման մտադրության կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու հնարավորություն տալու։