Հոդված 5. Ներկայացման ամսաթիվ
Հոդված 5. Ներկայացման ամսաթիվ
1) [Հայտի բաղադրիչները] ա) Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ և հաշվի առնելով 2-8-րդ պարբերությունների դրույթները՝ Պայմանավորվող կողմը պետք է ապահովի, որ հայտի ներկայացման ամսաթիվը լինի այն ամսաթիվը, որով իր գերատեսչությունն ստացել է ստորև թվարկված բոլոր բաղադրիչները՝ հայտատուի ընտրությամբ ներկայացված թղթի վրա կամ գերատեսչության կողմից թույլատրված այլ եղանակով` ներկայացման ամսաթվի նպատակի համար.
i) բացահայտ կամ ենթադրյալ նշում առ այն, որ տվյալ բաղադրիչները նախատեսված են հայտ լինելու համար,
ii) նշումներ, որոնք թույլ են տալիս որոշելու հայտատուի անձը կամ թույլ են տալիս գերատեսչությանը կապ հաստատելու հայտատուի հետ,
iii) մաս, որն արտաքուստ հանդիսանում է նկարագիր։
բ) Պայմանավորվող կողմը ներկայացման ամսաթվի նպատակների համար կարող է ցանկացած գծագիր համարել որպես «ա» կետի iii ենթակետում նշված բաղադրիչ։
գ) Ներկայացման ամսաթվի նպատակների համար Պայմանավորվող կողմը կարող է պահանջել` ներկայացնել տվյալներ, որոնք թույլ են տալիս որոշելու հայտատուի անձը, ինչպես նաև՝ տվյալներ, որոնք թույլ են տալիս գերատեսչությանը կապվել հայտատուի հետ, կամ կարող է ընդունել այն փաստերը, որոնք թույլ են տալիս հաստատելու հայտատուի անձը, կամ՝ փաստեր, որոնք թույլ են տալիս գերատեսչությանը կապվելու հայտատուի հետ` որպես «ա» կետի ii ենթակետում նշված բաղադրիչ։
2) [Լեզու] ա) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ 1-ին պարբերության «ա» կետի i և ii ենթակետերում նշված նշումները ներկայացվեն գերատեսչության համար ընդունելի լեզվով։
բ) Ներկայացման ամսաթվի նպատակների համար` 1-ին պարբերության «ա» կետի iii ենթակետում հիշատակվող մասը կարող է ներկայացվել ցանկացած լեզվով։
3) [Ծանուցում] Եթե հայտը չի բավարարում Պայմանավորվող կողմի` 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ, գերատեսչությունը գործնականում հնարավոր լինելուն պես այդ մասին ծանուցում է հայտատուին` հնարավորություն տալով բավարարելու ցանկացած այդպիսի պահանջ և դիտողություններ ներկայացնելու Կանոնակարգով սահմանված ժամկետի ընթացքում։
4) [Պահանջների հաջորդող բավարարում] ա) Եթե Պայմանավորվող կողմի` 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չեն բավարարվում ներկայացված սկզբնական հայտում, ապա, հաշվի առնելով «բ» ենթակետը և 6-րդ պարբերությունը, ներկայացման ամսաթիվը պետք է լինի այն ամսաթիվը, որով հաջորդաբար բավարարվել են Պայմանավորվող կողմի` կիրառելի բոլոր պահանջները` 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն։
բ) Պայմանավորվող կողմը կարող է նախատեսել, որ այն դեպքում, երբ «ա» ենթակետում նշված մեկ կամ մի քանի պահանջ չեն բավարարվում Կանոնակարգով սահմանված ժամկետում, հայտը պետք է համարվի չներկայացված։ Եթե հայտը համարվում է չներկայացված, գերատեսչությունը այդ մասին ծանուցում է հայտատուին՝ նշելով դրա պատճառը։
5) [Նկարագրի կամ գծագրի բացակայող մասի վերաբերյալ ծանուցում] Եթե հայտի ներկայացման ամսաթիվը սահմանելիս գերատեսչությունը պարզում է, որ հայտում ենթադրաբար բացակայում է նկարագրի մասը, կամ հայտում հղում է կատարված գծագրի, որը ենթադրաբար բացակայում է հայտում, գերատեսչությունն անհապաղ այդ մասին ծանուցում է հայտատուին:
6) [Ներկայացման ամսաթիվը նկարագրի կամ գծագրի բացակայող մասը ներկայացնելու դեպքում] ա) Եթե նկարագրի կամ գծագրի բացակայող մասը գերատեսչություն է ներկայացվում Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում, ապա նկարագրի կամ գծագրի այդ մասը ներառվում է հայտում և, հաշվի առնելով «բ» և «գ» ենթակետերը, հայտի ներկայացման ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, որով գերատեսչությունը ստացել է նկարագրի կամ գծագրի այդ մասը, կամ՝ այն ամսաթիվը, որով բավարարվել են Պայմանավորվող կողմի` 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն կիրառելի բոլոր պահանջները` կախված այն բանից, թե դրանցից որն է ավելի ուշ կատարվել։
բ) Եթե նկարագրի կամ գծագրի բացակայող մասը ներկայացվում է «ա» ենթակետի համաձայն` դրանց բացթողումը այն հայտում շտկելու նպատակով, որը 1-ին պարբերության «ա» ենթակետում նշված մեկ կամ մի քանի բաղադրիչները առաջին անգամ գերատեսչությունում ստանալու ամսաթվով խնդրարկում է ավելի վաղ ներկայացված հայտի առաջնությունը, ապա ներկայացման ամսաթիվը, հայտատուի՝ Կանոնակարգով նախատեսված ժամկետում և սահմանված պահանջներին համապատասխան ներկայացված միջնորդությամբ, հանդիսանում է այն ամսաթիվը, որով բավարարվել են Պայմանավորվող կողմի կիրառելի պահանջները` 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն։
գ) Եթե «ա» պարբերության համաձայն ներկայացված նկարագրի բացակայող մասը կամ բացակայող գծագիրը հանվում է Պայմանավորվող կողմի սահմանած ժամկետի ընթացքում, հայտի ներկայացման ամսաթիվն է այն ամսաթիվը, որով բավարարվել են Պայմանավորվող կողմի կիրառելի պահանջները` 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն։
7) [Նկարագրի ու գծագրերի փոխարինումը` հղում կատարելով նախապես ներկայացված հայտին] ա) Հաշվի առնելով Կանոնակարգով նախատեսված պահանջները՝ հայտը գերատեսչության համար ընդունելի լեզվով ներկայացնելիս արված հղումը նախապես ներկայացված հայտին՝ հայտի ներկայացման ամսաթվի սահմանման նպատակների համար, պետք է փոխարինի նկարագրին ու ցանկացած գծագրի։
բ) Եթե «ա» ենթակետով նախատեսված պահանջները չեն բավարարվում, հայտը կարող է համարվել չներկայացված։ Եթե հայտը համարվում է չներկայացված, գերատեսչությունը այդ մասին ծանուցում է հայտատուին` նշելով դրա պատճառները։
8) [Բացառություններ] Ոչինչ սույն հոդվածում չպետք է սահմանափակի`
i) Փարիզյան կոնվենցիայի 4.Է հոդվածի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված հայտատուի իրավունքը` պահպանել որպես այդ հոդվածում նշված առանձնացված հայտի ներկայացման ամսաթիվ այդ հոդվածում նշված սկզբնական հայտի ամսաթիվը և, համապատասխան դեպքերում, առաջնության իրավունքի արտոնությունը,
ii) Պայմանավորվող կողմերի ազատությունը՝ կիրառել Կանոնակարգով նախատեսված ցանկացած հայտի նկատմամբ ցանկացած անհրաժեշտ պահանջ, որով տրամադրվում է ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման ամսաթվի արտոնությունը: