Հոդված 14. Կանոնակարգ
Հոդված 14. Կանոնակարգ
1) [Բովանդակություն] ա) Սույն Պայմանագրին կից Կանոնակարգը նախատեսում է կանոններ, որոնք վերաբերում են.
i) այն հարցերին, որոնց վերաբերյալ սույն Պայմանագիրը հստակ նախատեսում է, որ պետք է «սահմանված լինեն Կանոնակարգով»,
ii) մանրամասներ, որոնք օգտակար են սույն Պայմանագրի դրույթներն իրականացնելիս,
iii) վարչական պահանջներ, հարցեր կամ գործընթացներ։
բ) Կանոնակարգը նախատեսում է նաև ձևական պահանջներին վերաբերող կանոններ, որոնք Պայմանավորվող կողմին թույլատրված են կիրառել.
i) անվան կամ հասցեի փոփոխության արձանագրման,
ii) հայտատուի կամ իրավատիրոջ փոփոխությունների արձանագրման,
iii) լիցենզիայի կամ գրավի արձանագրման,
iv) սխալների ուղղման միջնորդությունների նկատմամբ։
գ) Կանոնակարգը նաև նախատեսում է Տիպային միջազգային ձևանմուշների հաստատում, ինչպես նաև Ասամբլեայի կողմից դիմումի ձևանմուշի հաստատում 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «բ» ենթակետի նպատակների համար` Միջազգային բյուրոյի աջակցությամբ:
2) [Կանոնակարգում ուղղումներ կատարելը] 3-րդ պարբերության համաձայն` Կանոնակարգում ցանկացած ուղղում կատարելու համար պահանջվում է ներկայացված ձայների երեք քառորդը։
3) [Միաձայն որոշման պահանջ] ա) Կանոնակարգը կարող է առանձնանշել Կանոնակարգի այն դրույթները, որոնցում ուղղումներ պետք է կատարվեն միայն միաձայն որոշմամբ։
բ) Կանոնակարգում ցանկացած ուղղում կատարելը, որը հանգեցնում է Կանոնակարգով սահմանված դրույթներին դրույթներ ավելացնելուն կամ դրանից դրույթներ հանելուն՝ «ա» ենթակետի համաձայն պահանջում է միաձայն որոշում։
գ) Որոշելու համար, թե արդյոք միաձայնություն ձեռք է բերվել, հաշվի են առնվում այն ձայները, որոնք իրականում տրվել են: Ձեռնպահ ձայները՝ իբրև ձայն, հաշվի չեն առնվում։
4) [Պայմանագրի և Կանոնակարգի միջև հակասությունը] Սույն Պայմանագրի և Կանոնակարգի դրույթների միջև հակասությունների դեպքում գերակայում է առաջինը: