Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Հայտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հայտ

1) [Հայտի ձևը կամ բովանդակությունը] Եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, Պայմանավորվող ոչ մի կողմ չպետք է պահանջի հայտի ձևին կամ բովանդակությանը վերաբերող ցանկացած այնպիսի այլ՝ տարբեր պայմանի բավարարում, որը լրացնում է.

i) Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրով նախատեսված միջազգային հայտերի նկատմամբ կիրառվող ձևին կամ բովանդակությանը վերաբերող պահանջները,

ii) ձևին կամ բովանդակությանը վերաբերող պահանջները, որոնց բավարարումը, Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրին համապատասխան, կարող է պահանջվել այդ պայմանագրի մասնակից ցանկացած պետության կամ վերջինիս համար գործող գերատեսչության կողմից՝ միջազգային հայտի մշակումն ու քննությունը սկսելուն պես, ինչպես նշված է այդ պայմանագրի 23-րդ կամ 40-րդ հոդվածներում,

iii) Կանոնակարգով նախատեսված ցանկացած այլ պահանջ։

2) [Հայտի ձևանմուշ] ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է պահանջել, որ հայտի բովանդակությունը, որը համապատասխանում է Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրով սահմանված միջազգային հայտի բովանդակությանը, ներկայացվի Պայմանավորվող կողմի նախատեսած հայտի ձևանմուշով։ Պայմանավորվող կողմը կարող է նաև պահանջել, որ 1-ին պարբերության ii կետով թույլատրվող կամ Կանոնակարգի 1-ին պարբերության iii կետով նախատեսված ցանկացած այլ բովանդակություն ներկայացվի հայտի այդ ձևանմուշում։

բ) Չնայած «ա» ենթակետին և հաշվի առնելով 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ Պայմանավորվող կողմը պետք է ընդունի «ա» ենթակետում նշված բովանդակության ներկայացումը Կանոնակարգով նախատեսված հայտի ձևանմուշով:

3) [Թարգմանություն] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել հայտի ցանկացած մասի թարգմանությունը, որը լրացված չէ իր գերատեսչության համար ընդունելի որևէ լեզվով: Պայմանավորվող կողմը կարող է պահանջել հայտի` գերատեսչության համար ընդունելի լեզվով կազմված մասերի թարգմանությունը գերատեսչության համար ընդունելի ցանկացած այլ լեզվով, ինչպես նախատեսված է Կանոնակարգում:

4) [Տուրքեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել հայտերի համար տուրքերի վճարում: Պայմանավորվող կողմը կարող է կիրառել Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի՝ հայտի ներկայացման համար տուրքերի վճարմանը վերաբերող դրույթները։

5) [Առաջնության փաստաթուղթ] Եթե խնդրարկվում է ավելի վաղ ներկայացված հայտի առաջնությունը, Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ավելի վաղ ներկայացված հայտի պատճենը և դրա թարգմանությունը, եթե ավելի վաղ ներկայացված հայտը կազմված է ոչ այն լեզվով, որն ընդունելի է գերատեսչության համար, ներկայացվեն Կանոնակարգով նախատեսված պահանջներին համապատասխան։

6) [Փաստեր] Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ հայտի մշակման ընթացքում գերատեսչություն ներկայացվեն փաստեր 1-ին կամ 2-րդ պարբերություններում նշված ցանկացած հարցի վերաբերյալ կամ առաջնության մասին հայտարարության մեջ կամ 3-րդ կամ 5-րդ պարբերություններում նշված ցանկացած թարգմանության վերաբերյալ միայն այն դեպքում, եթե այդ գերատեսչությունը ողջամիտ հիմքեր ունի կասկածի տակ առնելու այդ հարցի իսկությունը կամ թարգմանության ճշտությունը։

7) [Ծանուցում] Եթե Պայմանավորվող կողմի` 1-6-րդ պարբերություններով սահմանված՝ կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չի բավարարվում, գերատեսչությունը ծանուցում է հայտատուին` հնարավորություն տալով կատարելու ցանկացած այդպիսի պահանջ և դիտողություններ ներկայացնելու Կանոնակարգով նախատեսված ժամկետի ընթացքում։

8) [Պահանջները չբավարարելը] ա) Եթե Պայմանավորվող կողմի` 1-6-րդ պարբերություններով սահմանված՝ կիրառելի մեկ կամ մի քանի պահանջ չի բավարարվում Կանոնակարգով նախատեսված ժամկետում, Պայմանավորվող կողմը կարող է, հաշվի առնելով «բ» ենթակետը և 5-րդ ու 10-րդ հոդվածները, կիրառել այնպիսի պատժամիջոցներ, որոնք նախատեսված են իր օրենսդրությամբ:

բ) Եթե Պայմանավորվող կողմի` 1-ին, 5-րդ կամ 6-րդ պարբերություններով սահմանված կիրառելի ցանկացած պահանջ առաջնության խնդրարկման առնչությամբ չի բավարարվում Կանոնակարգով նախատեսված ժամկետում, առաջնության խնդրարկումը կարող է համարվել գոյություն չունեցող` 13-րդ հոդվածի համաձայն։ 5-րդ հոդվածի 7-րդ պարբերության «բ» ենթակետի համաձայն` որևէ այլ պատժամիջոց չի կարող կիրառվել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։