Հոդված 2
Հոդված 2
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Պայմանավորվող կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, միմյանց ցուցաբերում են փոխադարձ օգնություն.
ա) մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով,
բ) մաքսային օրենսդրության իրավախախտումները կանխելու, հետաքննելու, քննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,
գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների և փաստաթղթերի առաքման ու ծանուցման հարցերում:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» ենթապարբերություններում նշված օգնությունը կարող է տրամադրվել բոլոր վարույթներում` վարչական կամ դատական, այդ թվում՝ հետաքննությունների ընթացքում:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող օգնությունը տրամադրվում է հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հայցվող մաքսային ծառայության իրավասության և հնարավորությունների սահմաններում:
4. Սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող փոխադարձ օգնությունը չի ազդում այն դրույթների վրա, որոնք կիրառելի են Պայմանավորվող կողմերի միջև գործող` քրեական գործերով փոխադարձ օգնության վերաբերյալ դրույթների նկատմամբ: Այնուամենայնիվ, սույն Համաձայնագրի գործողության ոլորտում գտնվող և մեկ կամ երկու մաքսային ծառայությունների կողմից քննվող քրեական գործերով օգնության վերաբերյալ հարցումներն իրականացվում են սույն Համաձայնագրի շրջանակներում:
5. Անձանց կալանավորելու վերաբերյալ ցանկացած հարցում պետք է բացառվի սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող օգնությունից: Մաքսատուրքերի, այլ հարկերի, տուգանքների և այլ գումարների հավաքումն ու հարկադիր հավաքումը նույնպես պետք է բացառվեն այդպիսի օգնությունից: