Հոդված 9
Հոդված 9
ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Հայցվող մաքսային ծառայությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` հարցումը կատարելու համար, և անհրաժեշտության դեպքում նախաձեռնի պաշտոնական կամ դատական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հարցումը կատարելու համար: Հայցվող մաքսային ծառայությունը պետք է գործի իր իրավասության և առկա միջոցների շրջանակներում այնպես, ինչպես կգործեր իր համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը պետք է, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցումով, կատարի ցանկացած անհրաժեշտ հետաքննություն` ներառյալ մաքսային իրավախախտում կատարելու մեջ կասկածվող փորձագետների, վկաների կամ անձանց հարցաքննությունը, և նախաձեռնի ստուգումներ, զննումներ և փաստահավաք քննություն` կապված սույն Համաձայնագրում նշված հարցերի հետ:
3. Հայցվող ծառայությունը կարող է հնարավորություն տալ դիմող ծառայության նշանակված աշխատակիցներին ներկա գտնվելու հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում, երբ իր աշխատակիցները դիմող ծառայության համար հետաքրքրություն ներկայացնող քննություն իրականացնեն` ներառյալ այդ քննությանը մասնակցելը: Նշանակված աշխատակիցները պետք է ներկա գտնվեն միայն խորհրդատվական հիմունքներով և չեն կարող իրականացնել հայցվող ծառայության աշխատակիցներին իրենց ազգային օրենսդրությամբ վերապահված լիազորությունները: Նրանք պետք է, այնուամենայնիվ, բացառապես իրականացվող քննության նպատակով և հայցվող ծառայության աշխատակիցների ներկայությամբ և նրանց միջոցով հնարավորություն ունենան մուտք գործելու նույն շինությունները և նրանց համար մատչելի պետք է լինեն նույն փաստաթղթերը, որոնք հասանելի են հայցվող ծառայության աշխատակիցներին:
4. Հայցող մաքսային ծառայության աշխատակիցները, որոնք լիազորված են քննելու մաքսային օրենսդրության խախտումները, կարող են խնդրել հայցվող ծառայության աշխատակիցներին ստուգել համապատասխան մատյանները, գրանցամատյանները և այլ փաստաթղթեր կամ տվյալների կրիչները և տրամադրել դրանց պատճենները կամ տրամադրել իրավախախտումների հետ կապված ցանկացած տեղեկատվություն:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային ծառայության ներկայացուցիչները ներկա են գտնվում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, համաձայն սույն Համաձայնագրի, նրանք պետք է կարողանան ցանկացած պահի ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնեական դիրքի վերաբերյալ: Նրանք չպետք է լինեն համազգեստով և չպետք է կրեն զենք:
6. Նրանք պետք է ներկա գտնվելու ընթացքում օգտվեն նույն պաշտպանությունից, որից օգտվում են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային աշխատակիցները` իրենց գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, և պատասխանատու լինեն ցանկացած իրավախախտման համար, որը նրանք հնարավոր է կատարեն իրենց պաշտոնեական պարտականություններից դուրս:
7. Հայցող մաքսային ծառայությունը պետք է հարցման դեպքում տեղեկացվի հարցման կատարման հետ կապված գործողության ժամանակի և վայրի մասին, որպեսզի այդ գործողությունը համակարգված լինի:
8. Այն դեպքում, երբ հայցվող մաքսային ծառայությունն այն մարմինը չէ, որը կարող է կատարել հարցումը, նա պետք է խորհրդակցելուց հետո հարցումը անմիջապես փոխանցի համապատասխան մարմնին, որը պետք է գործի հարցման հիման վրա` իր իրավասության և ազգային օրենսդրության համաձայն, կամ տեղեկացնի հայցող մաքսային ծառայությանը համապատասխան ընթացակարգի մասին, որը կհետևի այդ հարցմանը: