Հոդված 11
Հոդված 11
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրի համաձայն ցանկացած ձևով փոխանցված ցանկացած տեղեկատվություն պետք է գաղտնի բնույթ կրի: Այն պետք է պահվի որպես ծառայողական գաղտնիք և պաշտպանված լինի այնպես, ինչպես կպաշտպանվեր նմանատիպ տեղեկատվությունը այն ստացած Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրության համաձայն:
2. Երբ անձնական տվյալները փոխանակվում են սույն Համաձայնագրի համաձայն, Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն տվյալների պաշտպանության ստանդարտ, որն առնվազն համարժեք պետք է լինի այն ստանդարտին, որը բխում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող` սույն Համաձայնագրի հավելվածում նշված սկզբունքների իրականացումից:
3. Սույն Համաձայնագրի համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է օգտագործվի բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով` ներառյալ համապատասխան մաքսային իրավախախտման հետ կապված` դատական կամ վարչական վարույթներում օգտագործումը:
4. Ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործվի ոչ այն նպատակներով, որոնք նշված են սույն Համաձայնագրում, առանց այն տրամադրող մաքսային ծառայության գրավոր համաձայնության: Այդ դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների հետ կապված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ: Այդ տեղեկատվությունը կարող է անմիջականորեն փոխանցվել այլ պետական մարմինների, որոնք ներգրավված են թմրամիջոցների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:
5. Ավելին, ելնելով Ավստրիայի Հանրապետության` որպես Եվրոպական միության անդամ պետության պարտավորություններից` 4-րդ պարբերությունում նշված դրույթները չեն բացառում, որ ստացված տեղեկատվությունը կարող է անհրաժեշտության դեպքում փոխանցվել Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության մյուս անդամ պետություններին: