Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է պահանջել խորհրդակցություններ թռիչքային անվտանգության չափանիշների վերաբերյալ, որոնք ընդունվել են մյուս Պայմանավորվող կողմի կողմից՝ թռիչքային անձնակազմերին, օդանավերին և դրանց շահագործմանն առնչվող ոլորտներում: Նման խորհրդակցությունները պետք է տեղի ունենան այդ պահանջը ներկայացնելու օրվանից 30 օրվա ընթացքում:

2) Եթե նման խորհրդակցություններից հետո Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը արդյունավետորեն չի պահպանում և կատարում թռիչքային անվտանգության չափանիշները որևէ նման ոլորտում, որոնք առնվազն հավասար են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, առաջին Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին նման հայտնաբերումների մասին, և մյուս Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի համապատասխան ուղղիչ գործողություն: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից 15 օրվա ընթացքում կամ այնպիսի ավելի երկար ժամանակահատվածում, որի շուրջ կարելի է համաձայնություն ձեռք բերել, համապատասխան գործողություն չձեռնարկելը կարող է հիմք հանդիսանալ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի կիրառման համար:

3) Չնայած Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններին՝ համաձայնություն է ձեռք բերվում, որ Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող ցանկացած օդանավ, դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարածքից հաղորդակցությունների ընթացքում, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելիս կարող է ենթարկվել ստուգման մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից` օդանավի ներսում և օդանավի շրջակայքում, ստուգելու օդանավի և դրա անձնակազմի փաստաթղթերի վավերությունը և օդանավի ու դրա սարքավորումների տեսանելի վիճակը (սույն հոդվածում՝ կառամատուցային ստուգում)՝ պայմանով, որ այս ամենը չի հանգեցնի անհիմն ձգձգման:

4) Եթե որևէ նման կառամատուցային ստուգում կամ կառամատուցային ստուգումների շարք առաջացնում է.

ա) լուրջ անհանգստություններ, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

բ) լուրջ անհանգստություններ, որ բացակայում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը և իրականացումը,

ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմը պետք է Կոնվենցիայի 33-րդ հոդվածի նպատակներով ազատ լինի եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել սերտիֆիկատները կամ լիցենզիաները այդ օդանավի առնչությամբ կամ այդ օդանավի շահագործողի կամ անձնակազմի առնչությամբ, հավասար չեն կամ չեն գերազանցում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշները:

5) Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից մերժվում է վերը նշված 3-րդ պարբերության համաձայն շահագործվող օդանավի կառամատուցային ստուգումը, մյուս Պայմանավորվող կողմն ազատ է ենթադրելու, որ առաջանում են 4-րդ պարբերությունում նշված լուրջ մտահոգություններ, և կարող է անել այդ պարբերությունում նշված եզրակացությունները:

6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման թույլտվությունն այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող կողմը եզրակացնում է, լինի դա կառամատուցային ստուգման, կառամատուցային ստուգումների շարքի, կառամատուցային տեսչական ստուգման մուտքի մերժման, խորհրդակցության կամ այլ տեսակի գործողության արդյունքում, որ անհրաժեշտ են անհապաղ գործողություններ ավիաընկերության շահագործման անվտանգության համար:

7) Պայմանավորվող կողմերից մեկի ցանկացած գործողություն, վերը նշված 2-րդ և 6-րդ պարբերությունների համաձայն, պետք է դադարեցվի, երբ այդ գործողության ձեռնարկման հիմքը դադարում է գոյություն ունենալուց:

8) Թռիչքային պիտանիության վկայականները, օդանավ շահագործողի սերտիֆիկատներն ու լիցենզիաները, որոնք տրվել կամ վավեր են ճանաչվել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և դեռևս ուժի մեջ են, պետք է վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից՝ համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով՝ պայմանով, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել նման սերտիֆիկատները կամ լիցենզիաները, հավասար լինեն Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին կամ գերազանցեն դրանք: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու, իր պետության տարածքի վրայով թռիչքների համար, մյուս Պայմանավորվող կողմի կամ որևէ այլ պետության կողմից իր քաղաքացիներին տրված կամ նրանց համար վավեր ճանաչված՝ օդանավ շահագործողի սերտիֆիկատներն ու լիցենզիաները։

9) Եթե Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունների կողմից ցանկացած անձին, կամ նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին, կամ սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններում շահագործվող օդանավի համար տրված՝ սույն հոդվածի 8-րդ պարբերությունում վկայակոչվող լիցենզիաների կամ սերտիֆիկատների արտոնությունները կամ պայմանը, տարբերվում են Կոնվենցիայով սահմանված չափանիշներից, և այդ տարբերությունը գրանցվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում, ապա մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել խորհրդակցություններ այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ՝ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն, նպատակ ունենալով հավաստիանալու, որ տվյալ հարցը գործնականում ընդունելի է: Գոհացուցիչ համաձայնություն ձեռք չբերելը հիմք է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի կիրառման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։