Հոդված 15
Հոդված 15
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
1) Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան՝ Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապօրինի միջամտություններից պաշտպանելու` միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Չսահմանափակելով միջազգային իրավունքի ներքո իրենց ստանձնած իրավունքների ու պարտավորությունների ընդհանուր բնույթը` Պայմանավորվող կողմերը, մասնավորապես, գործում են «Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ ակտերի մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիայի, «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի, «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի և 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում անօրինական գործողությունները ճնշելու վերաբերյալ» դրա լրացուցիչ արձանագրության և ավիացիոն անվտանգությանը վերաբերող այլ կոնվենցիաների դրույթներին համապատասխան, որոնց երկու Կողմերը կողմ կդառնան։
2) Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում պետք է միմյանց տրամադրեն անհրաժեշտ ողջ օժանդակությունը՝ կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական զավթման գործողությունները և նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
3) Պայմանավորվող կողմերը պետք է իրենց փոխադարձ հարաբերություններում գործեն ավիացիոն անվտանգության չափանիշներին և, այնքանով, որքանով դրանք կիրառվում են նրանց կողմից, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և որպես սույն Կոնվենցիայի հավելվածներ սահմանված՝ առաջարկվող գործելակերպին համապատասխան. Պայմանավորվող կողմերը պետք է պահանջեն, որ իրենց գրանցամատյաններում ընդգրկված՝ օդանավերը շահագործողները կամ այն օդանավերը շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում տեղակայված օդանավակայանները շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության նման դրույթներին համապատասխան: Սույն պարբերությունում ավիացիոն անվտանգության Չափանիշներ արտահայտությանն արված հղումները ներառում են ցանկացած փոփոխություն, որի մասին ծանուցել է համապատասխան Պայմանավորվող կողմը։
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի, որ բավարար միջոցներ արդյունավետորեն կիրառվեն իր տարածքում՝ պաշտպանելու օդանավը, ստուգելու ուղևորներին և նրանց ձեռնածանրոցները, անցկացնելու անձնակազմի, ուղեբեռների (ներառյալ ձեռքի ուղեբեռը), բեռների և օդանավի պաշարների համապատասխան զննումներ նախքան օդանավ մտնելը և օդանավ մտնելիս կամ դուրս գալիս, և ապահովի, որ այդ միջոցառումները համապատասխանեցվեն՝ սպառնալիքները նվազեցնելու նպատակով: Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ համաձայնում է, որ իր նշանակված ավիաընկերությունից կամ ավիաընկերություններից կարող են պահանջվել, որ վերջիններս պահպանեն սույն հոդվածի 3-րդ պարբերությունում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթները, որ կպահանջվի մյուս Պայմանավորվող կողմի կողմից այդ Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, տարածքից մեկնելու և տարածքում գտնվելու ժամանակ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է բարյացակամ քննության արժանացնի կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու՝ մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանք:
5) Երբ միջադեպ է տեղի ունենում, կամ քաղաքացիական օդանավի անօրինական զավթման միջադեպի սպառնալիք է առկա կամ այլ անօրինական գործողություններ՝ ուղղված նման օդանավի, դրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացային միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը պետք է միմյանց աջակցեն՝ դյուրացնելով հաղորդակցությունն ու մյուս համապատասխան միջոցները, որոնք նախատեսված են արագորեն և ապահով կերպով, առանց կյանքի վտանգման ռիսկի, նման միջադեպը կամ դրա սպառնալիքը կասեցնելու համար: