Հոդված 22. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
Հոդված 22. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած պետական մարմին)`
1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականությունը.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ` սոցիալական աջակցության զարգացման ուղղությունների և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.
3) հաստատում է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը և իրականացնում է այդ տարածքային մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումը.
4) ապահովում է համալիր կենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով դիմումների ընդունումը, հաշվառումը և միասնական փաստաթղթաշրջանառությունը.
5) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների պաշտոնների օրինակելի բնութագրերը, տվյալ պաշտոնը զբաղեցնողի պաշտոնեական պարտականությունները, գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները, որակավորման պահանջները.
6) կազմակերպում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ.
7) հաստատում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում տրվող վկայականների օրինակելի ձևերը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշչի ձևավորմանը.
9) կազմակերպում է սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքում հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությունը.
10) սահմանում է տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը և դրա ընդունման ընթացակարգը.
11) լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում իրականացնում է պետական վերահսկողություն սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված՝ սոցիալական աջակցության տրամադրման համար պահանջվող փաստաթղթ(եր)ի հավաստիությունը.
13) լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններից պահանջում է տեղեկատվություն՝ տրամադրվող սոցիալական ծառայությունը սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, իսկ դրա անհամապատասխանության դեպքում`
ա. պահանջ է ներկայացնում լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններ` սահմանված ժամկետում վերացնելու հայտնաբերված անհամապատասխանությունը,
բ. համապատասխան սոցիալական աշխատանքի մասնագետին ենթարկում է օրենքով սահմանված պատասխանատվության կամ դիմում է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող համապատասխան տարածքային մարմնի վերադասին` համապատասխան սոցիալական աշխատանքի մասնագետին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.
15) սահմանում է սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ կապի մեխանիզմները.
16) ստեղծում և վարում է սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարաններ, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ռեգիստր.
17) ուսումնասիրում է տարածքային մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացներ և տրամադրում է այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրեր.
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ: