Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 6. Սոցիալական ծառայությունների տրամադրումը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Սոցիալական ծառայությունների տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետությունը և համայնքը սոցիալական ծառայություններ են տրամադրում տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը և համայնքը օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և համայնքների իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով կարող են սոցիալական ծառայություններ տրամադրել նաև այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում տարածքային մարմնում աշխատելու (քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու) համար սահմանվում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերով աշխատելու կարողությունների պահանջ:

2. Հայաստանի Հանրապետությունը և համայնքը սոցիալական ծառայություններ են տրամադրում (այդ թվում՝ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց միջոցով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով:

3. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայությունները տրամադրում են սույն օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակներին և հիմնական սկզբունքներին համապատասխան: Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք որոշակի սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազորված մարմնում հավաստագրելու դեպքում: Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սոցիալական ծառայությունների տրամադրումը`

1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.

2) չի կարող հետապնդել տրամադրված սոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք.

3) չի կարող վնաս պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին և գույքին:

5. Տարածքային մարմինները սոցիալական ծառայությունները տրամադրում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում (այսուհետ նաև` համալիր կենտրոն):

6. Տարածքային մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունները սոցիալական ծառայություններ են տրամադրում՝

1) սոցիալական ծառայությունների տրամադրում հայցող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և այլ ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) սեփական նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

7. Տարածքային մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների համար սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ իր բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային մարմին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

8. Սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված գործողությունները կամ անգործությունը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։