Հոդված 5. Սոցիալական ծառայությունների դասակարգումը
Հոդված 5. Սոցիալական ծառայությունների դասակարգումը
1. Սոցիալական ծառայությունները դասակարգվում են ըստ՝
1) տրամադրման ձևի.
2) տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների.
3) սոցիալական ծառայություններ տրամադրողի.
4) բնույթի.
5) տրամադրման տևողության և դրանց շարունակականության.
6) ֆինանսավորման աղբյուրների:
2. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման ձևի, դասակարգվում են՝
1) ուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք լինում են՝
ա. անհատական սոցիալական ծառայություններ, որոնք տրամադրվում են անձին` վերջինիս սոցիալական պաշտպանության ապահովման ուղղությամբ առաջացած անհատական կարիքները բավարարելու նպատակով,
բ. խմբային, որոնք տրամադրվում են ընդհանուր` միևնույն կարիքն ունեցող անձանց խմբին միաժամանակ, այդ կարիքները բավարարելու նպատակով.
2) անուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք կրում են ընդհանրական բնույթ և տրամադրվում են միևնույն կարիքն ունեցող սոցիալական խմբին:
3. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների, դասակարգվում են՝
1) սոցիալ-վարչարարական ծառայություններ, որոնց տրամադրման պայմաններն ու կարգը, անհրաժեշտ փաստական հանգամանքները (տեղեկությունների ցանկը և դրանք ձեռք բերելու մեխանիզմները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, և դրանց տրամադրման համար ընդունվում է վարչական ակտ.
2) ընդհանուր մասնագիտական ծառայություններ, որոնց տրամադրման համար պահանջվում է ընդհանուր մասնագիտական մեթոդների կիրառում, և որոնք միտված են սոցիալական աջակցություն ստացողի իրավունքների իրականացման ապահովմանը կամ պաշտպանությանը կամ ունեն կանխարգելիչ բնույթ.
3) հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություններ, որոնց տրամադրումը պահանջում է նեղ մասնագիտական մեթոդների կիրառում, ինչպես նաև հատուկ տեխնիկական և այլ պայմանների առկայություն:
4. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրողի (տրամադրող սուբյեկտի), դասակարգվում են՝
1) Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ.
2) համայնքի կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ:
5. Սոցիալական ծառայությունները, ըստ բնույթի, դասակարգվում են՝
1) սոցիալ-տնտեսական, որն ուղղված է անձանց բավարար կենսագործունեության ապահովմանը, կենցաղային պատշաճ մակարդակի ձևավորմանը և կենսամակարդակի բարելավմանը, այդ թվում՝ ցանկացած տեսակի գույքային օգնության տրամադրմամբ.
2) սոցիալ-հոգեբանական, որն ուղղված է անձանց հոգեբանական օգնության տրամադրմանը, սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանը.
3) սոցիալ-մանկավարժական, որն ուղղված է անձանց վարքագծի և զարգացման շեղումների կանխարգելմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը, ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը, երեխաների դաստիարակության հարցում ընտանիքին օգնության տրամադրմանը.
4) սոցիալ-բժշկական, որն ուղղված է խնամքի տրամադրման միջոցով անձանց խեղումների, հիվանդությունների զարգացման և ծանրացման կանխմանը, առողջության վերականգնմանը և պահպանմանը, առողջարարական ու վերականգնողական միջոցառումների իրականացմանը և դրանց օժանդակությանը, հիվանդությունների բացահայտման նպատակով մշտական հսկողության իրականացմանը.
5) սոցիալ-աշխատանքային, որն ուղղված է անձանց ինքնազբաղվածության ապահովմանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և աշխատանքային հարմարեցման հետ կապված այլ խնդիրների լուծմանը.
6) սոցիալ-իրավական, որն ուղղված է անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով խորհրդատվության և իրավաբանական օգնության տրամադրման ապահովմանը:
6. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման տևողության և դրանց շարունակականության, դասակարգվում են որպես՝
1) մշտական, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) մշտապես.
2) պարբերական, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) որոշակի պարբերականությամբ.
3) մեկանգամյա, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) միայն մեկ անգամ:
7. Սոցիալական ծառայությունները, ըստ ֆինանսավորման աղբյուրների, դասակարգվում են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.
2) համայնքների բյուջեների միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.
3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.
4) սույն մասով նախատեսված մեկից ավելի կետերով սահմանված ֆինանսական միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ:
8. Սոցիալ-վարչարարական ծառայությունների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: