Հոդված 35. Սոցիալական համագործակցության համաձայնագիրը
Հոդված 35. Սոցիալական համագործակցության համաձայնագիրը
1. Սոցիալական համագործակցության համաձայնագիրն (այսուհետ` համաձայնագիր) ընդունվում է ազգային և տարածքային մակարդակներում:
2. Համաձայնագրի ընդունումը ազգային մակարդակում կազմակերպում է լիազորած պետական մարմինը, իսկ տարածքային մակարդակում` լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը:
3. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում համագործակցությունն իրականացվում է աջակցող ցանցի միջոցով՝ տարածքային մակարդակում ընդունված համաձայնագրի հիման վրա: Աջակցող ցանցում ներառվում են տարածքային մարմինները, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև ֆիզիկական անձինք (այսուհետ` աջակցող ցանցի մասնակից) միանում են կամավոր հիմունքներով:
4. Համաձայնագիրը ներառում է համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, համակարգող խորհրդի ձևավորման, ինչպես նաև պարտավորությունների կատարման հսկողության և դրանց չկատարման դեպքում` համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:
5. Համագործակցության հիմնական նպատակներն են՝
1) սոցիալական ծառայությունների համալիր և ամբողջական տրամադրման ապահովումը.
2) սոցիալական աջակցության անհրաժեշտություն առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության և պատճառահետևանքային կապերի բացահայտումը, բացասական ազդեցության չեզոքացումը.
3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությունը և նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.
4) սոցիալական ծառայությունների մատչելիության և կողմնորոշման բարձրացումը դեպի սոցիալական աջակցություն ստացողները, դրանց որակի բարելավումը, սոցիալական համախմբվածության ամրապնդումը` խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը նվազեցնելով.
5) սոցիալական դեպքի վարման շրջանակներում փոխգործակցության ապահովումը, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացումը.
6) ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ և օգտագործմամբ սոցիալական ծառայությունների տրամադրումը.
7) արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական աջակցություն ստացողի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաև սոցիալական ծառայությունների անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծումը.
8) աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը.
9) սոցիալական ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.
10) վստահության մթնոլորտի ձևավորումը:
6. Համագործակցության հիմնական սկզբունքներն են համակառավարումը, հավասար պատասխանատվությունը, թափանցիկության ապահովումը և ժողովրդավարությունը:
7. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական իրավունքներն են՝
1) ստանալ տեղեկատվություն աջակցող ցանցի մյուս մասնակիցներից` իրենց կողմից իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.
2) ակնկալել անհապաղ աջակցություն աջակցող ցանցի մասնակիցներից իրենց հնարավորությունների շրջանակում, սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում.
3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով:
8. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական պարտականություններն են՝
1) իրազեկել աջակցող ցանցի մյուս մասնակիցներին իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.
2) արագ արձագանքել սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` իրենց հնարավորությունների շրջանակներում.
3) մասնակցել համայնքների սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք` տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.
4) համագործակցել սոցիալական դեպքի վարման շրջանակներում.
5) առաջարկություններ ներկայացնել աջակցող ցանցի մասնակիցներին` անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման համար:
9. Համաձայնագրում կարող են ներառվել սույն օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին չհակասող այլ նպատակներ, սկզբունքներ, իրավունքներ և պարտականություններ:
10. Համաձայնագրի օրինակելի ձևը հաստատում է լիազորած մարմինը: