Հոդված 33. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը
Հոդված 33. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը
1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, սոցիալական աջակցության շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) և միջոցառումների ամբողջությունն է: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը համագործակցության ապահովման միջոցով կանխարգելում է անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները և հետևանքները:
2. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի հիմնական բաղադրիչներն են՝
1) լիազորած պետական մարմինը.
2) միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը.
3) աջակցող ցանցը (սույն օրենքով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը).
4) համալիր կենտրոնը.
5) տարածքային մարմինները.
6) միասնական տեղեկատվական համակարգը:
3. Ինտեգրված սոցիալական ծառայություններն անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա և սոցիալական աջակցության շրջանակներում իրականացվող՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկ կամ մի քանի գործողությունների, ծրագրերի ու միջոցառումների ամբողջությունն է:
4. Ինտեգրված սոցիալական ծառայությունները ներառում են՝
1) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատումը և այդ կարիքները բավարարելու նպատակով հասանելի ռեսուրսների որոնումը.
2) անհատական ծրագիր կազմելը և դրա իրականացումն ապահովելը.
3) մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական կարիքներին համարժեք տարատեսակ սոցիալական ծառայությունները համակցված մատուցելը կամ դրանց համակցված մատուցումը կազմակերպելը.
4) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքները բավարարելու ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունն ու սոցիալական համաձայնագրի շրջանակներում աջակցող ցանցի համագործակցությունը (այդ թվում՝ այդ համագործակցությունն ապահովելը).
5) տեղական սոցիալական ծրագրեր կազմելը և իրականացնելը.
6) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով իրականացվող այլ ծրագրերն ու միջոցառումները:
5. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովում է լիազորած պետական մարմինը: Տարածքային մարմնի սպասարկման տարածքի բնակչությանն ինտեգրված սոցիալական ծառայությունները տրամադրում են տարածքային մարմինները:
6. Ինտեգրված սոցիալական ծառայությունները տրամադրվում են սոցիալական դեպքի վարման շրջանակներում: Ինտեգրված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրվել նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
7. Սոցիալական դեպքի վարման շրջանակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպում է սոցիալական դեպք վարողը` անհատական ծրագիր կազմելու և անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման միջոցով: