Հոդված 13. Խնամքը և դրա տրամադրումը
Հոդված 13. Խնամքը և դրա տրամադրումը
1. Խնամքը տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին և նրա ընտանիքին` ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ անձանց իրենց հարազատ սոցիալական միջավայրում հնարավորինս երկար պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:
2. Խնամքը տրամադրվում է սննդի, այդ թվում` դիետիկ, բժշկական, հիգիենայի պարագաների, հագուստի, կոշիկի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների տրամադրման, սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրթական, ժամանցի, անհրաժեշտության դեպքում` բժշկական շարունակական հսկողության և հիվանդանոցային բուժման, իրավական օգնության և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:
3. Հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնություն, որը`
1) պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմելու հիվանդի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով.
2) ընդգրկում է հետևյալ հիմնական կողմերը.
ա. հիվանդության ախտանիշների կառավարում,
բ. հոգեբանական, հոգևոր և հուզական աջակցություն,
գ. աջակցություն ընտանիքին,
դ. կորստի շրջանի աջակցություն.
3) տրամադրվում է հոսպիսում կամ տնային պայմաններում:
4. Խնամքը տրամադրվում է`
1) տնային պայմաններում.
2) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում.
3) սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.
4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում.
5) հոսպիսներում (հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող անձանց պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպություն).
6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված՝ սոցիալական սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում, խնամատար ընտանիքներում:
5. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց անհատական սոցիալական ծրագրի համաձայն` հիմնականում սոցիալական ծառայությունների հետևյալ ձևերով.
1) կենցաղային սպասարկում.
2) բժշկական օգնություն և սպասարկում.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) խորհրդատվական օգնություն:
6. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա լրիվ խնամք անչափահաս կամ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները լինում են՝
1) ընդհանուր տիպի` տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար.
2) հատուկ (մասնագիտացված)`
ա. 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող անձանց կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց համար,
բ. առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաների համար.
3) խնամքի գիշերօթիկ հաստատություն` մինչև 18 տարեկան երեխաների համար.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` բնակչության սոցիալական պաշտպանության այլ տիպերի:
7. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները բնակիչներին տրամադրում են՝
1) անհրաժեշտ կահույք.
2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
3) անկողնային պարագաներ.
4) անձնական հիգիենայի պարագաներ:
8. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները կազմակերպում են բնակիչների`
1) սննդի տրամադրումը.
2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.
3) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.
4) իրավական խորհրդատվության տրամադրումը.
5) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը.
6) բժշկասոցիալական փորձաքննությունը.
7) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը.
8) ազատ ժամանցը.
9) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները.
10) աշխատանքային թերապիան:
9. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը խնամքը տրամադրում է կենտրոնում ցերեկային ժամերին` տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաներին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև այդ երեխաների ընտանիքների անդամներին` հիմնականում հետևյալ սոցիալական ծառայությունների ձևով.
1) սնունդ՝ օրական մեկ անգամ.
2) սոցիալ-հոգեբանական օգնություն.
3) իրավական խորհրդատվություն.
4) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.
5) հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմում, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում.
6) մասնագիտական կողմնորոշում.
7) արվեստի միջոցով թերապիա.
8) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա):
10. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը կազմակերպում է խնամք ստացողների՝
1) աշխատանքային թերապիան.
2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.
3) ժամանցը, ինչպես նաև մշակութային միջոցառումներ.
4) սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:
11. Հաշմանդամություն ունեցող չափահաս և գործունակ անձի հասարակական կյանքում լիարժեք գործունեության ապահովման, այդ թվում՝ աշխատանքի իրավունքի իրականացման համար, առանձնահատուկ պահանջների առկայության դեպքում կարող է տրամադրվել սոցիալական պատրոնաժ:
12. Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: