Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կյանքի դժվարին իրավիճակ` հաշմանդամության, հիվանդության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, վնասակար սովորույթների, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու հանգամանքներից որևէ մեկով կամ դրանց համակցմամբ, մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող.

2) սոցիալական աջակցություն` ըստ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի.

3) հիմնական պահանջմունքներ` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.

4) տարեց` 65 տարին լրացած անձ.

5) բռնություն` անձի ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա սպառնալիք.

6) ընտանիք` միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական, խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն, ունեն ընդհանուր բյուջե, ընդհանուր շահեր, կապված են փոխօգնության, բարոյական ու իրավական փոխադարձ պատասխանատվության հիմունքներով, ինչպես նաև միայնակ ապրող անձ.

7) ընտանեկան բռնություն` ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ ֆիզիկական կամ սեռական կամ հոգեբանական բնույթի բռնի գործողությունների (բռնության) կիրառում կամ տնտեսական միջոցներից զրկում.

8) նախնական նույնացում` ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի հայտնաբերում.

9) սոցիալական կարիք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի)` իր սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների և կարողությունների բացակայություն կամ ապագայում դրա առաջացման հավանականությունը կանխատեսելու համար հիմքերի առկայություն.

10) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ (այսուհետ` տարածքային մարմին)` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, այդ թվում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայություններ.

11) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ (այսուհետ նաև՝ կազմակերպություն)` սույն օրենքով սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման սկզբունքներին համապատասխան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունը դրա կարիքն ունեցողին մատուցող կազմակերպություն (անկախ կազմակերպական-իրավական ձևից, բացառությամբ տարածքային մարմնինների).

12) սոցիալական ծառայություններ՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայություններ.

13) ինտեգրված սոցիալական ծառայություններ` ըստ սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի.

14) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տարածքային մարմինների գտնվելու վայր, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով տարածքային մարմնի սպասարկման տարածքի բնակչությանը տրամադրվում են սոցիալական ծառայություններ.

15) աջակցող ցանց` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխգործակցության, համատեղ գործունեության համակարգ՝ ուղղված անձանց, անձանց որոշակի խմբերի և ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու իրականացմանը, օրինական շահերի և ազատությունների ապահովմանը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցով.

16) սոցիալական դեպք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) մոտ մեկ կամ միմյանց հետ փոխկապակցված տարբեր սոցիալական կարիքների ամբողջությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ.

17) սոցիալական դեպքի վարում` համագործակցության և հասանելի ռեսուրսների որոնման միջոցով և անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման հիման վրա իրականացվող գործընթաց, որը ներառում է սոցիալական աջակցություն ստացողների կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի ծրագրավորումը, դրանք ստանալու հարցում աջակցությունը՝ նպատակ ունենալով բավարարել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.

18) անհատական սոցիալական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` սոցիալական դեպքի վարման արդյունքներով կազմված ծրագիր, որում ներառվում են սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները, դրանց համարժեք սոցիալական ծառայությունների տեսակներն իրենց տրամադրման ժամկետով, ակնկալվող արդյունքով, ինչպես նաև սոցիալական դեպքի շարունակական հսկողության ժամանակացույցը.

19) սոցիալական պատրոնաժ` հասարակական կյանքում լիարժեք գործունեության ապահովման, այդ թվում՝ աշխատանքի իրավունքի իրականացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պահանջների առկայության դեպքում սոցիալական պատրոնի (օգնականի) կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջություն.

20) սոցիալական ծառայությունների տրամադրում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սոցիալական ծառայությունների կազմակերպում և (կամ) մատուցում, ինչպես նաև այդ ծառայությունների կազմակերպմանը և (կամ) մատուցմանն ուղղված ցանկացած գործունեություն.

21) սոցիալական աշխատանք՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական գործունեություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։