Հոդված 40. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 40. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները
1. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետները քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ են:
2. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ունի սոցիալական աշխատող, որը սոցիալական դեպք վարողն է, և սոցիալական սպասարկող:
3. Սոցիալական դեպք վարողը և սոցիալական սպասարկողն իրավունք ունեն՝
1) կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
2) ներկայացնելու առաջարկություններ սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ:
4. Սոցիալական դեպք վարողը՝
1) տիրապետում է սոցիալական աջակցություն հայցողի, ինչպես նաև ստացողի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նրա սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկատվությանը.
2) համագործակցում է աջակցող ցանցի մասնակիցների հետ:
5. Սոցիալական դեպք վարողը պարտավոր է՝
1) պաշտպանել սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու օրինական շահերը.
2) ապահովել սոցիալական աջակցություն ստացողի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը` զարգացնելով սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական հմտությունները և ինքնիրացումը (ինքնորոշումը).
3) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.
4) կազմել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին.
5) օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` սոցիալական անհատական ծրագիր կազմելու և իրականացնելու նպատակով.
6) համակարգել սոցիալական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ և ուղղորդել սոցիալական աջակցություն ստացողին տարբեր մասնագիտացված կազմակերպություններ` իրենց իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև դրանք իրականացնելու համար.
7) ստանձնել միջնորդի դեր տարբեր և երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջև` ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը.
8) կազմակերպությունների և համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հետ մշակել կանխարգելող ծրագրեր` ուղղված համայնքներում բացահայտված ռիսկային գործոնների նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորման խթանմանը և պաշտպանությանը.
9) ապահովել անձանց համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ.
10) պահանջել սոցիալական աջակցություն հայցող կամ սոցիալական աջակցություն ստացող անձից միայն սոցիալական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ տեղեկությունները, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ճիշտ ներկայացմանը.
11) աջակցել իր սպասարկման տարածքում բնակվող անձանց (ընտանիքների) սոցիալական աջակցության իրավունքի իրականացմանը և
12) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված վկայականը:
6. Սոցիալական սպասարկողը պարտավոր է`
1) սոցիալական աջակցություն հայցող անձին օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.
2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին և աջակցել նրանց դիմելու տարածքային մարմնին.
3) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված վկայականը:
7. Սոցիալական աշխատանքի մասնագետն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է պարտականություններ:
8. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և տարածքային մարմնի սպասարկման տարածքում գործող կազմակերպությունները պարտավոր են աջակցել սոցիալական աշխատանքի մասնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիս:
9. Սոցիալական աշխատանքի մասնագետն ունի վկայական, որը տալիս է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի վերադասը:
10. Սոցիալական աշխատանքի մասնագետին սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում հայտնի դարձած անձնական տեղեկությունները համարվում են մասնագիտական գաղտնիք, և այն հրապարակող կամ տարածող սոցիալական աշխատանքի մասնագետը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի: