Հոդված 45. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշմանը և շուկայահանմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 45. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշմանը և շուկայահանմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված առավելագույնը 60 լ ծավալով խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինու և խաղողի գինուց ծագած բուրավետացված ոգելից այլ խմիչքների, ինչպես նաև առավելագույնը 5 լ ծավալով հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու շուկայահանվող յուրաքանչյուր տարա մակնշվում է:
2. Հայաստանի Հանրապետություն ներկրված առավելագույնը 60 լ ծավալով խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինիների և խաղողի գինուց ծագած բուրավետացված այլ ոգելից խմիչքների, ինչպես նաև առավելագույնը 5 լ ծավալով կոնյակի, բրենդիի և խաղողի օղու յուրաքանչյուր տարա մակնշվում է:
3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշումը պարունակում է պարտադիր և ոչ պարտադիր տեղեկություններ:
4. Հայաստանի Հանրապետությունում շուկայահանվող գինեգործական արտադրանքի մակնշման պարտադիր տեղեկությունները պետք է լինեն հայերեն:
5. Հայաստանի Հանրապետությունում իրացվող գինեգործական արտադրանքի մակնշման ոչ պարտադիր տեղեկությունները կարող են լինել ցանկացած լեզվով:
6. Սույն հոդվածով սահմանված մակնշման ժամանակ օգտագործվող տեղեկատվությունը չի կարող պարունակել այնպիսի նշումներ, ապրանքային նշաններ, բառեր, բառերի մասեր, նշաններ, խորհրդանիշեր կամ գրաֆիկական պատկերներ, որոնք կարող են կեղծ տպավորություն ստեղծել և մոլորության մեջ գցել սպառողներին՝ կապված խաղողի կամ խաղողագործական տարածաշրջանի կամ միկրոշրջանի կամ աշխարհագրական այլ վայրի անվան և գինեգործական արտադրանքի դասի և տեսակի բնութագրման հետ:
7. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանում է կառավարությունը: