Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 13

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Նախատեսում է գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների մոտակա (ուղեղանյութի վնասում, ներուղեղային սուբդուրալ, էպիդուրալ հեմատոմա և այլն) և հեռավոր (արախնոիդիտներ, հիպերտենզիոնհիդրոցեֆալիկ համախտանիշ և զարգացող էնցեֆալոմիելոպաթիա) հետևանքները, ինչպես նաև պայթյունային ալիքի և արտաքին այլ ազդակների ներգործությունից առաջացած վնասվածքի հետևանքները:

«Ա» կետին են վերաբերում գլխուղեղի կամ ողնուղեղի ֆունկցիաների ծանր խանգարումներ առաջացնող վնասվածքների հետևանքները (ուղեղի վնասվածք, որը հանգեցրել է ծանր կաթվածի կամ պարեզի, սուբդուրալ հեմատոմա և այլն), ինչպես նաև այն վիճակները, որոնց դեպքում ուղեղանյութի ախտահարման արդյունքում առաջանում են կեղևի ֆունկցիաների (ուղեղի բարձրագույն ֆունկցիաներ) խանգարումներ (աֆազիա, ագնոզիա, ապրաքսիա և այլն):

Հեռավոր հետևանք են համարվում մնացորդային այն երևույթները կամ վիճակները, որոնք պահպանվում են վնասվածքն ստանալու պահից 1 և ավելի տարվա ընթացքում:

Այս կետին են վերաբերում նաև վնասվածքի հետևանքով ուղեղի թաղանթի բորբոքումը (վնասվածքային արախնոիդիտ)՝ հիդրոցեֆալային զարգացումով, ինչպես նաև վնասվածքից հետո տարբեր ժամկետներում էպիլեպսիա հիշեցնող հաճախակի նոպաների դեպքերը:

«Բ» կետին են վերաբերում ԿՆՀ-ի վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ ֆունկցիաների խանգարումներն ու օջախային նշանները չեն հասնում «ա» կետով նախատեսված դեպքերի արտահայտվածության աստիճանին (պարեզ, որն էականորեն չի սահմանափակում վերջույթների ֆունկցիան, չափավոր արտահայտված ուղեղիկային խանգարումներ՝ քայլքի անկայունությամբ, վնասվածքային արախնոիդիտ՝ ներգանգային ճնշման չափավոր կամ աննշան բարձրացումով, էպիլեպսիա հիշեցնող հազվադեպ նոպաներով և այլն):

Առանձին դեպքերում, նկատի առնելով հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքը փորձաքննվողի աշխատանքի բնույթի, ծառայողական պարտականությունների կատարման ծավալի ու որակի և աշխատունակության մասին, այս կետով թույլատրվում է որոշում կայացնել խաղաղ պայմաններում պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքին չհասած սպաների, ենթասպաների պիտանի լինելու մասին:

Սուր սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում զինծառայողների փորձաքննությունը կատարվում է ըստ «բ» կետի՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանը:

«Գ» կետին վերաբերում են գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքների այնպիսի հետևանքները, որոնց բնորոշ են ցրված նյարդաբանական օրգանական ախտանշանները (քիթ-շրթունքային ծալքերում աննշան անհամաչափություն, անիզոռեֆլեքսիա, զգացողության թեթև խանգարումներ և այլն): Դրանք ուղեկցվում են թեթև վեգետատիվ-անոթային անկայունությամբ ու տարաբնույթ նյարդային երևույթներով: Այս կետին են վերաբերում նաև գանգի հին կոտրվածքները՝ առանց օրգանական ախտահարումների և ֆունկցիաների խանգարումների: Վնասվածքային արախնոիդիտ տարած (առանց ներգանգային ճնշման բարձրացման նշանների)` ըստ I սյունակի փորձաքննվողները պիտանի են համարվում շարային ծառայության համար:

Այս կետին վերաբերում են վնասվածքների այնպիսի հեռավոր հետևանքները, որոնց ժամանակ նկատվում են միայն առանձին ցրված օրգանական նշաններ՝ առանց ԿՆՀ-ի ֆունկցիաների խանգարման և ասթենիզացիայի աննշան երևույթներով:

«Դ» կետին վերաբերում են սուր վնասվածքից հետո առաջացած վիճակները, որոնք ուղեկցվում են շուտ հոգնելով, վեգետատիվ-անոթային անկայունությամբ, բարձր գրգռվողականությամբ և այլն:

Կլինիկական արտահայտված դրսևորումներով սալջարդ տարած անձանց համար, որպես կանոն, որոշում է ընդունվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու անհրաժեշտության մասին:

Արտաքին գործոնների (պայթյունային ալիք, ճառագայթում և այլն) ազդեցության հետևանքով առաջացած կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դեպքերը փորձաքննվում են ըստ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանի: Գանգոսկրի կամ ողնաշարի վնասվածքների և արատների դեպքում անհրաժեշտ է կիրառել համապատասխան հոդվածների կետերը:

Զինվորական ծառայության ընթացքում ուղեղի ցնցում և սալջարդ ստացած զինծառայողներին առողջանալուց հետո տրվում է արձակուրդ՝ ԿՌԲՀ-ում կրկնակի փորձաքննությամբ՝ պիտանիության հարցը որոշելու համար:

Գանգուղեղային թարմ վնասվածքի դեպքում զորակոչիկին տրամադրվում է տարկետում՝ 6-12 ամիս ժամկետով՝ ըստ նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանի:

Վնասվածքի, ինչպես նաև դրա հետևանքների պատճառով անցկացված բուժումը պետք է հաստատված լինի բուժհիմնարկների կողմից, իսկ վնասվածքի հետևանքով անաշխատունակության կամ զինվորական ծառայությանը պիտանիության հարցը որոշելու համար անհրաժեշտ են բնութագրեր` աշխատանքի, ուսման, զինծառայության վայրերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։