Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 38

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 38.

Նախատեսում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատներ, վնասվածքների հետևանքներ, քրոնիկական հիվանդություններ:

Նշված փոփոխությունների և արատների դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` ըստ հենաշարժական ապարատի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումների արտահայտվածության աստիճանի:

«Ա» կետը նախատեսում է խոշոր հոդի անկիլոզը, շարժումների զգալի սահմանափակումը կամ ախտաբանական անշարժությունը, որոնք զարգացել են հիվանդության կամ վնասվածքի հետևանքով:

Ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես՝ «բ» կետի համաձայն, երբ խոշոր հոդերի շարժումների սահմանափակման ու անկիլոզի դեպքում առկա է ֆունկցիոնալ փոխհատուցում:

«Բ» կետին են վերաբերում դիստրոֆիկ պրոցեսով ավարտված օստեոխոնդրոպաթիաները, ոսկրերի տարած օստեոմիելիտները, որոնք հիմնավորված և հաստատված են համապատասխան փաստաթղթերով, երբ առկա են մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություն` անկախ տարած սրացումների քանակից, հաճախությունից և ժամկետից: Նույն կետին են վերաբերում չավարտված պրոցեսով օստեոխոնդրոպաթիաները:

«Դ» կետի համաձայն` զորակոչիկներին բուժման համար տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին՝ արձակուրդ: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման:

«Ե» կետի դեպքում առկա են օբյեկտիվ տվյալներ, սակայն բացակայում է վերջույթի ֆունկցիայի խանգարումը:

«Գ» կետին են վերաբերում քրոնիկ հիվանդությունները` երկարատև մեկ և ավել տարի ռեմիսիայի դեպքում, ավարտված օստեոմիելիտները (ավարտված են համարվում այն օստեոմիելիտները, որոնք չունեն մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություններ): Այս զինծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները` մինչև 30 կգ: ՌՈՒՀ ընդունվողների համար պիտանիությունը չի սահմանափակվում:

Խոշոր հոդում խոնդրոմատոզի առկայության դեպքում զորակոչիկները, զինծառայողները ենթակա են վիրահատության, հատկապես, երբ «ներհոդային մկնիկը» զարգացել է հոդի պաշարման համախտանիշի առաջացումից հետո: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է վիրահատությունից հետո` կախված վիրահատության ելքից և փորձաքննության պահին հոդի ֆունկցիայից: Օսգուտ-Շլյատերի հիվանդությունը, որն ընթանում է առանց ոտքի ֆունկցիայի խանգարման, չի կարող հիմք լինել զինվորական ծառայության համար պիտանիության սահմանափակման համար:

Ոսկրերի ու հոդերի հիվանդությունների դեպքում զինվորական ծառայության պիտանիության մասին որոշումը, որպես կանոն, ընդունվում է հոսպիտալային հետազոտությունից և բուժումից հետո: Ընդսմին, պետք է նկատի առնել սրացումների նկատմամբ հիվանդության հակումը, ապաքինման կայունությունը և զինվորական ծառայության առանձնահատկությունները:

Զինծառայությունից ազատվելու կամ արձակուրդի անհրաժեշտության մասին, ըստ «ե» կետի, որոշում է ընդունվում նաև ոսկրերի ու հոդերի վիրահատությունից հետո, հենաշարժական ապարատի շարժումների ժամանակավոր սահմանափակման դեպքում, ջլերի պլաստիկ վիրահատությունից կամ տենոլիզից (մատների, դաստակի և ներբանի) հետո, երկար խողովակաձև և այլ ոսկրերի կոտրվածքներից հետո` չամրապնդված ոսկրային կոշտուկների դեպքում:

Կեղծ հոդերի առկայության դեպքում զորակոչիկները և զինծառայողները ենթակա են բուժման` ժամանակակից մեթոդների կիրառումով: Զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` կախված դրա արդյունքներից: Վիրահատությունից հրաժարվելու կամ բուժման անբավարար արդյունքների դեպքում կիրառվում է «ա» կետը:

Երկար, խողովակաձև ոսկրերի թարմ կոտրվածքներից հետո զինվորական ծառայության համար պիտանիության մասին որոշումը նույնպես ընդունվում է բուժման ավարտից հետո` հաշվի առնելով վնասվածքի տեղայնացումը և կատարվող աշխատանքի բնույթը: Մանր ոսկրերի հոդախախտումների, անրակի կամ կողոսկրերի կոտրվածքների դեպքում (առանց ներքին օրգանների վնասման) բուժումից հետո որոշում է ընդունվում զինծառայողին ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:

Ներբանի կամ ձեռքի ու ոտքի մատների վնասվածքների, ինչպես նաև կոճերի կոտրվածքների հետևանքների առկայության դեպքում` I սյունակով փորձաքննվողներին հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում, որովհետև հաճախ վնասված վերջույթը հանգիստ պահելու պատճառով կարող է առաջանալ շարժունակության սահմանափակում:

Նման դեպքերում հոսպիտալային բուժումն ավարտելուց հետո որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության վերաբերյալ: Պատերազմի ժամանակ այդ զինծառայողներն ուղարկվում են ապաքինման գումարտակ:

Երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների բուժումից հետո, եթե մնացել է մետաղական կոնստրուկցիա, զորակոչիկին տրվում է տարկետում` կոնստրուկցիան հեռացնելու նպատակով, որից հետո պիտանիությունը որոշվում է` ըստ վերջույթի ֆունկցիայի և ոսկրային հյուսվածքի փոփոխությունների: Մետաղական կոնստրուկցիան չհեռացնելու դեպքում, որոշում է ընդունվում ըստ «բ» կետի, նկատի առնելով կոնստրուկցիայի շրջանում ոսկրային հյուսվածքի վիճակը և վերջույթի ֆունկցիան: Զինծառայողների երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների հետևանքների բուժման անբավարար արդյունքների դեպքում, հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, և զինվորական ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ «ա», «բ» կամ «գ» կետերի:

Փոքր չափերի մետաղական կոնստրուկցիաների և պտուտակների առկայությունը սերտաճած կոտրվածքի պայմաններում, եթե զորակոչիկը հրաժարվում է դրանց հեռացումից, ապա որոշումը կայացվում է ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: Մետաղական կոնստրուկցիայի հեռացման ցանկության դեպքում տրամադրել տարկետում` 6 ամսից 1 տարի ժամկետով, հետագայում պիտանիությունը գնահատվում է բուժումից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:

Մանր ոսկրերի ստացիոնար բուժում չպահանջող, ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում սպաները, ենթասպաները և կին զինծառայողները կարող են բժշկական հետազոտման ենթարկվել ամբուլատոր պայմաններում, որից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Երկար, խողովակաձև կամ այլ ոսկրերի ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում, երբ դրանք անշարժացնում են միայն գիպսով, ոսկրային կոշտուկի նշանների երևան գալուց հետո, ըստ III սյունակի փորձաքննվողներն անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գրվել բուժհիմնարկից և, մինչև գիպսը հանելը, ստանալ ամբուլատոր բուժում: Միաժամանակ որոշում է ընդունվում հիվանդության պատճառով նրանց արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին:

Նմանատիպ դեպքերում ՌՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները պետք է հաճախեն ՌՈՒՀ-ի, իսկ ժամկետային ծառայողները` զորամասերի բուժկետեր, որտեղ առնվազն ամիսը մեկ անգամ նրանց պետք է զննի հոսպիտալի վիրաբույժը (վնասվածքաբանը): Անհրաժեշտության դեպքում զինծառայողները նորից կարող են հոսպիտալացվել: Հիվանդության պատճառով արձակուրդը կարող է երկարացնել ԿՌԲՀ-ն՝ բժշկական ցուցումների հիման վրա: Հոդերի շարժման ծավալը գնահատելիս պետք է առաջնորդվել 4-րդ աղյուսակի ցուցանիշներով:

Հոդախախտումներից ու կոտրվածքներից հետո` շարժումների սահմանափակման երևույթների առկայության դեպքում, զորակոչիկներին բուժման համար տրվում է տարկետում: Զինծառայողների պիտանիությունը որոշվում է խիստ անհատապես: Վերին վերջույթի ոսկրերի աննշան անկյունային ձևափոխումը (ֆունկցիայի պահպանումով) չի սահմանափակում զորակոչիկների, զինծառայողների պիտանիությունը զինվորական ծառայության: II սյունակով փորձաքննվողները պիտանի չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։