Հոդված 30
Հոդված 30.
Նկատի են առնված կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները:
«Ա» կետին են վերաբերում ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցային հիվանդությունը՝ բարդացած պենետրացիայով կամ ստամոքսաելքի նեղացմանը բերող (վիրահատության վերաբերյալ ցուցումների բացակայության կամ դրանից հրաժարվելու դեպքում), ստամոքսի մասնահատման, աղեստամոքսային անաստամոզի հետևանքները՝ մարսողության ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով, լյարդի ցիռոզը, քրոնիկական, ակտիվ հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, քրոնիկական, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների ծանր ձևերը՝ մարսողության խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով:
«Բ» կետին են վերաբերում մարսողության չափավոր խանգարումով, սնուցման անկումով և հաճախակի, տևական սրացումներով (տարին երկու և ավելի անգամ) ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները՝ հեպատիտները, պանկրեատիտները, քարային և ոչ քարային խոլեցիստիտները, էրոզիվ գաստրոդուոդենիտները՝ արտազատման, թթվագոյացման ֆունկցիաների զգալի խանգարմամբ, սնուցման անկումով և հաճախակի սրացումներով (տարին երկու և ավելի անգամ), որոնք ապարդյուն ստացիոնար բուժման դեպքում պահանջում են կրկնակի և տևական հոսպիտալացում, քրոնիկական կրկնվող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտները և էնտերիտները, խոցային էզոֆագիտները, քարային խոլեցիստիտները, եթե քարի չափը 0,6 սմ և ավելի է, կամ եթե առկա են 0,4 սմ-ից ավելի չափի 2 և ավելի քարեր, անգամ ֆունկցիայի աննշան խանգարմամբ:
Առաջին անգամ հայտնաբերված, մարսողության ֆունկցիայի չափավոր խանգարումներով ընթացող քրոնիկ գաստրոէնտերոկոլիտների ժամանակ (որոնք չեն ուղեկցվում էրոզիաների կամ խոցերի առաջացմամբ) պարտադիր պետք է հետազոտել աղիքային ֆլորան: Բուժելի վարակներով զորակոչիկներին 19-րդ հոդվածի «բ» կետի համաձայն տրվում է տարկետում` մինչև մեկ տարի, ուղեգրելով բուժման: Տարկետումից հետո փորձաքննությունն իրականացվում է` լաբորատոր ցուցանիշներին և ֆունկցիայի խանգարման աստիճանին համապատասխան:
Խոցային հիվանդության ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում, ռենտգենաբանական և էնդոսկոպիկ հետազոտություններով: Գաստրոդուոդենալ ախտահարման ռենտգենաբանական հետազոտությունը կատարվում է հիվանդի ուղղահայաց և հորիզոնական դիրքով՝ բնական կոնտրաստով պիլորոդուոդենալ գոտու լիարժեք լցումով բազմառանցքային նշանոցային լուսանկարներ ստանալու համար:
Այս կետով են փորձաքննվում բուժմանը դժվար ենթարկվող ստամոքսի քրոնիկ խոցերը:
«Բ» կետին են վերաբերում նաև տասներկումատնյա աղիի կոճղեզի արտահայտված ձևախախտումները և հեպատոսպլենոմեգալիաները, երբ լյարդը մեծացած է 2 սմ և ավելի, իսկ փայծաղը սահմանվածից մեծ է 1 սմ և ավելի:
Եթե լյարդի չափերը նորմալ են կամ փոքր, ապա փորձաքննությունը կատարվում է ըստ ֆունկցիաների խանգարման աստիճանի:
Անկախ ախտածնային հիվանդությունների առկայությունից կայուն 2 սմ և ավելի հեպատոմեգալիայով զինակոչիկները և զինծառայողները փորձաքննվում են «դ» կամ «բ» կետով` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
Սպլենոմեգալիայի և հեպատոմեգալիայի ժամանակ անհրաժեշտ է փորձաքննվողին հետազոտել ինֆեկցիոն, արյան համակարգի, տուբերկուլոզային, օնկոլոգիական, պարբերական հիվանդության, սիֆիլիսի և համակարգային հիվանդությունները ժխտելու նպատակով: Վերոհիշյալ խմբի հիվանդությունների հաստատման ժամանակ փորձաքննությունն իրականացվում է ըստ հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածի:
Առանց կլինիկական նշանակության փայծաղի չափերի մեծացման ժամանակ որոշումը կայացվում է` նկատի առնելով փայծաղի սահմանված անհատական նորման հետևյալ բանաձևով՝ փայծաղը = առողջ ձախ երիկամ + ձախ երիկամի 1/3 (սակայն ոչ ավելի, քան 16 սմ):
Ախտածնային հիվանդությունների բացակայության պայմաններում, սպլենոմեգալիայի առկայության դեպքում (սահմանվածից` ավելի, քան 1 սմ), զորակոչիկին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, «դ» կետով:
Կայուն 16 սմ-ից ավելի սպլենոմեգալիա ունեցող I սյունակով անցնողները փորձաքննվում են «բ» կետով:
Դոլիխոսիգմայի առկայության ժամանակ փորձաքննությունն իրականացվում է` նկատի ունենալով ֆունկցիայի խանգարման աստիճանը:
Բարորակ հիպերբիլիռուբինէմիայով զորակոչիկները, եթե նրանց արյան մեջ անուղղակի բիլիռուբինը մինչև 25 մկմոլ/լ է, ճանաչվում են պիտանի` սահմանափակումով (արգելվում է ծառայությունը ցուրտ և խոնավ շրջաններում, ֆիզիկական ծանրաբեռնումները 15 կգ և ավելի, վազքը 100 մ-ից ավելի: Մարտական հերթափոխը հակացուցված չէ): Եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը կայուն 25 մկմոլ /լ-ից ավելի է, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև մեկ տարի, որից հետո նշանակվում է կրկնակի փորձաքննություն, իսկ զինծառայողները պիտանի չեն և փորձաքննվում են ըստ «բ» կետի: Տարկետման ընթացքում զինակոչիկը պետք է ուղեգրվի հետազոտման և բուժման:
Ժիլբերի համախտանիշը հաստատվում է գենետիկորեն, սակայն փորձաքննվում է ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
«Գ» կետին են վերաբերում որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների հետևանքները: III, IV սյունակներով նախատեսված փորձաքննվողներին խոցային հիվանդության պատճառով արձակուրդ տալու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է բացառիկ դեպքերում, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:
«Դ» կետը վերաբերում է այն զորակոչիկներին, ովքեր տասներկումատնյա աղիի խոցի սուր (սկզբնական) ձև են տարել: Նրանց տրվում է տարկետում` մինչև 6 ամիս, եթե ստացիոնար բուժումից հետո անցել է մինչև 2 ամիս:
Ռեմիսիայի շրջանում խոցային հիվանդությամբ զորակոչիկները և զինծառայողները ծառայության չեն ուղարկվում անբարենպաստ կլիմա ունեցող շրջաններում տեղաբաշխված զորքեր:
Այս հոդվածի «գ» կետով զորակոչվածները զորամասերում վերցվում են դիսպանսեր հսկողության: Տասներկումատնյա աղիի ոչ բարդ ախտանշաններով խոցերի դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է` ըստ հիմնական հիվանդության ծանրության ու ընթացքի: Բարդ խոցերի դեպքում` ըստ I սյունակի փորձաքննվողները զինծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի, իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես: