Հոդված 24
Հոդված 24.
Այս հոդվածի մեջ ներառվում են բրոնխաթոքային համակարգի և պլևրայի ոչ տուբերկուլոզային բնույթի հիվանդությունները, զարգացման արատները, գենետիկ հիվանդությունները (հաստատված` գենետիկ քննությամբ): «Ա» կետին են վերաբերում բրոնխաթոքային համակարգի և պլևրայի խրոնիկ ոչ տուբերկուլոզային հիվանդությունները, բուժմանը դժվար ենթարկվող բորբոքային-թարախային հիվանդությունները` ուղեկցվող շնչական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և աշխատունակության նկատելի կորստով:
Այս կետին են վերաբերում նաև 3-րդ աստիճանի սարկոիդոզը, ալվեոլյար պրոտեինոզը, թոքային ալվեոլյար միկրոլիթիազը, իդեոպաթիկ ֆիբրոզող ալվեոլիտը` անկախ շնչական անբավարարության աստիճանը, հաստատված` կոմպյուտերային տոմոգրաֆիկ կամ հիստոլոգիական քննությամբ:
«Բ» կետին են վերաբերում՝
1) թոքերի առաջնային էմֆիզեման, մուկովիսցեդոզը, բրոնխոէկտատիկ հիվանդությունը, խրոնիկ օբլիտերացնող բրոնխիոլիտը` անկախ շնչական անբավարարության աստիճանը, հաստատված` կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությամբ,
2) բրոնխաթոքային ապարատի և պլևրայի խրոնիկ հիվանդությունները` ԱՇՖ չափավոր խանգարումով,
3) սարկոիդոզի 1 և 2 շրջանները՝ հաստատված հիստոլոգիական քննությամբ, կոմպյուտերային տոմոգրաֆիկ քննությամբ: Այս կետի III սյունակով փորձաքննվողների պիտանելիությունը որոշվում է անհատապես, նկատի առնելով կլինիկական ծանրության աստիճանը, աշխատունակության անկումը, բուժման ընթացքը:
«Բ» կետով են փորձաքննվում նաև բրոնխաթոքային ապարատի կայուն մնացորդային փոփոխություններ ունեցողները, եթե առկա է ԱՇՖ չափավոր աստիճանի խանգարում: Թոքերում առկա նմանատիպ փոփոխությունների ժամանակ անհրաժեշտ է փորձաքննությունն իրականացնել սպեցիֆիկ տարած պրոցեսի ժխտումից հետո: Աննշան կպումների առկայությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության անցնելուն: Տարածուն պնևմոսկլերոզի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ըստ «ա» կամ «բ» կետերի:
«Գ» կետով են փորձաքննվում բրոնխաթոքային համակարգի և պլևրայի ոչ տուբերկուլոզային բնույթի քրոնիկ հիվանդություններ ունեցողները` ԱՇՖ-ի աննշան խանգարումներով, առանց աշխատունակության կորստի: Քրոնիկ թարախային օբստրուկտիվ բրոնխիտներով անձանց պիտանելությունը որոշվում է ռեմիսիայի փուլում` ըստ ԱՇՖ խանգարման:
Հաճախակի սրացումներով ուղեկցվող դեպքերի փորձաքննությունն իրականացվում է «բ» կետով: Հաճախակի սրացումները պետք է փաստարկված լինեն` բացի ակտերը, նաև այլ բժշկական փաստաթղթերով: Եթե թոքերի քրոնիկ հիվանդությունը զուգակցվում է բրոնխոսպստիկ համախտանիշով, ապա փորձաքննությունը կատարվում է նաև 25-րդ հոդվածի «գ» կետով:
Փորձագիտական որոշման համար անհրաժեշտ է ԱՇՖ քննությունը կատարել և բրոնխոդիլատատորներով և առանց դրանց:
«Դ» կետով են փորձաքննվում ստացիոնար բուժում պահանջող կամ չպահանջող սուր հիվանդություններով, քրոնիկ հիվանդությունների սրացումներով, ինչպես նաև ժամանակավոր ֆունկցիոնալ մնացորդային երևույթներով անձինք (փաստարկված բժշկական փաստաթղթերով):
Զինակոչիկի զորակոչվելուն խոչընդոտ չի կարող հանդիսանալ տարած սուր հիվանդությունը, եթե նրա կլինիկալաբորատոր առողջացումից հետո անցել է որոշակի ժամանակ՝ թոքաբորբերից հետո` 2 ամիս, բրոնխիտներից հետո` 1 ամիս: Սուր թոքաբորբի դեպքում զինծառայողների արձակուրդի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ըստ «դ» կետի: Ստացիոնար բուժում չպահանջող և առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման, թոքերի սուր հիվանդությունների ոչ բարդ ընթացքի, քրոնիկական հիվանդությունների սրացման, մնացորդային երևույթների ժամանակ, զինծառայողների համար որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:
Թոքերի ախտահարման կամ քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդությունների հազվադեպ հանդիպող բարդ ընթացքով դեպքերը փորձաքննվում են «ա» կամ «բ» կետերով` ըստ այլ օրգանների ֆունկցիայի խանգարման կայունության ու արտահայտվածության: Շնչառական համակարգի գործունեության ցուցանիշները ներկայացված են 3-րդ աղյուսակում: