Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 23

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 23.

Նախատեսում է պերիֆերիկ, ներորովայնային ավշահանգույցների, որովայնամզի, աղիների, լյարդի, փայծաղի, երիկամների, սեռական օրգանների և մաշկի տուբերկուլոզը (պալարախտ): Ախտորոշումը պետք է հաստատվի ախտահարված օրգանի բջջաբանական հետազոտությամբ, որովայնադիտումով (լապարոսկոպիա), պունկցիոն բիոպսիայով և այլ մեթոդներով: Բուժումը պետք է լինի համալիր, անընդհատ, տևական (առնվազն` 4-6 ամիս):

Երիկամների և միզատար ուղիների, սեռական օրգանների տուբերկուլոզը պետք է հաստատված լինի համալիր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններով, ներառյալ` բիոպսիոն մեթոդները:

«Ա» կետին են վերաբերում թոքախտի բոլոր ձևերը և թարախակույտը՝ քայքայմամբ ու անընդհատ մանրէարտադրությամբ, պլևրայի (թոքամզի) և թոքերի զարգացող սպիական փոփոխությունները՝ թոքերի ու միջնորմի տեղաշարժով, դրանց և արտաքին շնչառական ֆունկցիաների խանգարումներով, վիրահատության հետևանքներն արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով (II-III աստիճանի թոքային անբավարարություն), ինչպես նաև տուբերկուլոզային (պալարախտային) բրոնխոադենիտի խուղակային ձևն ու բրոնխների տուբերկուլոզային ախտահարումները՝ մանրէների արտազատումով, վիրահատությունից հետո բրոնխաբանական կամ ռենտգենկոնտրաստային հետազոտություններով հաստատված բրոնխիալ, բրոնխաթոքամզային խուղակները:

«Ա» կետին են վերաբերում ավշահանգույցների (քայքայումով, խուղակների առկայությամբ, տուբերկուլոզային պերիտոնիտի զարգացումով) և ստամոքսի, աղիքների, լյարդի, փայծաղի զարգացող տուբերկուլոզը, միզատար ուղիների բազում տեղակայումներով (երիկամներ, միզածորաններ, միզապարկ) տուբերկուլոզը՝ քայքայումով կամ մանրէարտազատումով, երիկամային ավազանի, միզածորանի, միզապարկի սպիական փոփոխությունները, միզատար ուղիների օրգանների պլաստիկ վիրահատությունների հետևանքները:

«Ա» կետին են վերաբերում շագանակագեղձի, հավելումների, երկկողմանի ամորձատումից հետո տարածված, զարգացող տուբերկուլոզը՝ քայքայումով, խուղակներով կամ մանրէարտազատումով, ողնաշարի, խոշոր ոսկրերի ու հոդերի տուբերկուլոզն ակտիվ զարգացող ընթացքով, բարդացած ծորուկային թարախակույտերով կամ խուղակներով, օստեոմիելիտը՝ սեկվեստրալ խոռոչներով, սեկվեստրներով, երկար ժամանակ չապաքինվող կամ հաճախ բացվող խուղակներով (տարին` առնվազն 1-2 անգամ), խոշոր հոդերի արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը՝ կայուն ցավային համախտանիշով, վերջույթների մկանների ապաճումով (ատրոֆիայով) և ֆունկցիայի զգալի խանգարումով:

«Բ» կետին են վերաբերում ստացիոնարում հաստատված թոքախտի, պլևրայի (թոքամզի) ու ներկրծքային ավշահանգույցների ակտիվ տուբերկուլոզի բոլոր ձևերը՝ առանց տուբերկուլոզի մանրէների արտազատման ու քայքայման, չափավոր արտահայտված կլինիկական ախտանշաններով կամ առանց դրանց, ինչպես նաև արմատական վիրահատությունների հետևանքները՝ արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, աղիների, լյարդի, փայծաղի արմատական վիրահատությունից, էպիդիդիմէկտոմիայից հետո ավշահանգույցների (այդ օրգանների ֆունկցիաների չափավոր խանգարումով), շագանակագեղձի, ամորձիների և սերմնաբշտերի ակտիվ մարող տուբերկուլոզը՝ առանց քայքայման ու խուղակների:

«Բ» կետին են վերաբերում ողնաշարի, ոսկրերի և հոդերի ակտիվ սահմանափակ տուբերկուլոզը, ինչպես նաև անցյալում տարած տուբերկուլոզի հետևանքները՝ առանց մակածորուկների ու խուղակների, տուբերկուլոզի պատճառով վիրահատությունից հետո առաջացած վիճակները՝ ֆունկցիայի զգալի խանգարումով, ազդրի գլխիկի օստեոխոնդրոպաթիան՝ ավարտուն դիստրոֆիկ պրոցեսով և ֆունկցիայի զգալի խանգարումով, խոշոր հոդերից մեկում արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը՝ ցավային համախտանիշով և ֆունկցիայի զգալի խանգարումով, առաջնային քրոնիկական և հեմատոգեն օստեոմիելիտը:

«Բ» կետով են փորձաքննվում թոքախտը, թոքամզի (պլևրայի), ներկրծքային ավշահանգույցների ակտիվ մարող տուբերկուլոզը՝ ստացիոնար բուժումից հետո ակտիվության նշանների անհետացումով ու կլինիկառենտգենաբանական տվյալների կայունացումով, վիրահատության հետևանքները՝ կլինիկական լավ արդյունքով ու արտաքին շնչառական ֆունկցիայի աննշան խանգարումով կամ առանց խանգարման: Ըստ այս կետի` փորձաքննվում են նաև ռենտգենաբանորեն երեք և ավելի սեգմենտների սահմաններում տուբերկուլոզից հետո ոչ ակտիվ մնացորդային փոփոխություններ ունեցող զորակոչիկները (տարած տուբերկուլոզը պետք է փաստարկված լինի, բացի ակտը, նաև այլ բժշկական փաստաթղթերով՝ բժշկական անձնագիր կամ էպիկրիզներ): «Բ» կետով են փորձաքննվում նաև մասնակի, համակցված կամ հատվածային մասնահատումից հետո արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարում, ոսկրերի և հոդերի ակտիվ տուբերկուլոզ ունեցողները (մարման շրջանում) և տուբերկուլոզի պատճառով արմատական վիրահատություն տարածները (ըստ III սյունակի փորձաքննվողների համար):

Տուբերկուլոզային էքսուդատիվ պլևրիտի ախտորոշումը պետք է հաստատվի բջջակենսաքիմիական, իմունաբանական (կենսաբանական), պլևրալ պունկցիայի պունկտատի հետագա մանրէաբանական և բջջաբանական հետազոտության մեթոդներով և պունկցիոն բիոպսիայով: Բրոնխաբանական հետազոտությունը պարտադիր է:

Չոր պլևրիտների տուբերկուլոզային բնույթը պետք է հաստատվի տուբերկուլինի կիրառմամբ, լաբորատոր հետազոտություններով, փորձնական բուժումով ու հիվանդության ընթացքով: Այն ժխտվում է, եթե հիվանդն ապաքինվում է կարճատև, ոչ հակատուբերկուլոզային բուժման կուրսից հետո:

Տուբերկուլոզային չոր և արտածորական (էքսուդատիվ) պլևրիտներով հիվանդացած ժամկետային զինծառայողներն ստացիոնար բուժման հիմնական կուրսի ավարտից հետո փորձաքննվում են ոչ շուտ, քան հակատուբերկուլոզային բուժումն սկսելուց երեք ամիս հետո և զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի՝ անկախ մնացորդային երևույթների արտահայտվածության աստիճանը:

«Գ» կետին են վերաբերում թոքերի կայուն ռենտգենաբանական փոփոխություններով ոչ ակտիվ տուբերկուլոզը, ինչպես նաև մնացորդային երևույթները հաջող հակամանրէական բուժումից հետո, եթե դիսպանսեր հաշվառումից հանելուց 3 տարի անց կլինիկական դրսևորումներ չեն եղել, բուժհիմնարկում հաստատված՝ ողնաշարի, ոսկրերի ու հոդերի կայուն բուժված տուբերկուլոզը, անցյալում տարած տուբերկուլոզի հետևանքներն ավելի, քան 5 տարվա ակտիվության բացակայությամբ, վիրահատությունից հետո ֆունկցիայի աննշան խանգարումը, խոշոր հոդերից մեկում ձևախեղող օստեոարթրոզի սկզբնական երևույթները՝ առանց ցավային համախտանիշի, ֆունկցիայի աննշան խանգարումով:

Թոքերում կամ ներկրծքային ավշահանգույցներում ռենտգենաբանորեն հաստատված մինչև 3 փոքր պետրիֆիկատների առկայությունը (որոնցից յուրաքանչյուրի չափերը չեն գերազանցում 0,8 սմ) չի կարող խոչընդոտել զինվորական ծառայությանը, ՌՈՒՀ-եր ընդունվելուն, ցանկացած վայրում ծառայելուն: Սակայն անհրաժեշտ է ռենտգենաբանորեն հաստատված պետրիֆիկատների առկայության դեպքում (որը պետք է կատարվի մինչ զորակոչը) պարտադիր կատարել մանտուի փորձ և անհրաժեշտության դեպքում ներկայացնել փորձաքննող մարմնին տեղեկանք` զինակոչիկի և նրա հետ նույն բնակտարածքում բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ (գտնվո՞ւմ են արդյոք դիսպանսեր հսկողության մեջ, ստանո՞ւմ են կամ ստացե՞լ են արդյոք ամբուլատոր կամ ստացիոնար բուժում):

Այն զորակոչիկները, որոնց ընտանիքներում (նույն բնակարանում) համապատասխան առողջապահական հաստատությունները հայտնաբերել են տուբերկուլոզով տառապող հիվանդի, ստանում են տարկետում՝ 6 ամիս ժամանակով: Դեղորայքակայուն ձևերով հիվանդների հետ կոնտակտավորներն ստանում են տարկետում` մեկ տարի ժամկետով:

Մանտուի գերդրական` 17 մմ-ից ավելի և հիպերերգիկ ռեակցիայով ուղեկցվող զինակոչիկներին անհրաժեշտ է պարտադիր կարգով հետազոտել տուբդիսպանսերում:

Տուբ-վարակվածներին հատկացվում է տարկետում 6 ամիս ժամկետով` քիմիապրոֆիլակտիկայի, հսկողության նպատակով:

Մանտուի փորձը, թոքերի ռենտգեն քննությունը, ինչպես նաև տարած տուբերկուլոզը ժխտող տեղեկանքը պարտադիր են նաև պայմանագրային ծառայություն անցնողների համար: Առանց մնացորդային երևույթների կամ մնացորդային երևույթներով լավացած տուբերկուլոզը պետք է հաստատված լինի համապատասխան բուժհիմնարկների կողմից, նախքան զորակոչվելը:

Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզային ախտահարման ժամանակ ախտորոշումը պետք է հաստատվի արտազատուկի, մսամոլման (գրանուլյացիայի), ախտահարված հոդի, սառը թարախակույտերի բջջաբանական ու հյուսվածքաբանական հետազոտություններով, տրեպանոբիոպսիայով, կենսաբանական փորձով և այլ մեթոդներով:

Ոսկրահոդային տուբերկուլոզ տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների բժշկական և մասնագիտական վերականգնման նպատակով վերափորձաքննությունը կատարվում է «դ» կետով, բուժման կուրսի ավարտից 5 տարի հետո:

Ավշահանգույցների, թոքերի և միզատար ուղիների ոչ ակտիվ տուբերկուլոզ տարած սպաների, ենթասպաների և կին զինծառայողների վերափորձաքննությունը կատարվում է «դ» կետով` տուբերկուլոզային ստացիոնարի պայմաններում ամբողջական հետազոտումից հետո` առանց ֆունկցիայի խանգարման և պրոցեսի ակտիվության, բուժման կուրսի ավարտից հետո, սակայն ոչ շուտ, քան 3 տարի անց:

Ոչ ակտիվ տուբերկուլոզ տարած, ստացիոնար բուժում ստացած I և II սյունակով փորձաքննվողները կարող են ճանաչվել պիտանի ծառայության` «դ» կետի համաձայն, ստացիոնար պայմաններում ամբողջական հետազոտությունից հետո, եթե բուժման հիմնական կուրսի ավարտից անցել է 7 տարի և ավելի, չկան ֆունկցիայի խանգարում և կայուն մնացորդային երևույթներ: Սահմանափակել ծառայությունը խոնավ պայմաններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։