Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 105.1. Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

գործել է մինչև 2016-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 105.1. Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

1. Հարցապնդումը Կառավարության իրավասությանը վերապահված որոշակի հարցի վերաբերյալ խմբակցության կամ պատգամավորական խմբի կողմից Կառավարությանն ուղղված գրավոր հարցումն է, որը կարող է քննարկվել Ազգային ժողովում, և որի վերաբերյալ Ազգային ժողովը կարող է կայացնել որոշում:

Խմբակցությունը կամ պատգամավորական խումբը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարությանը հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ այն հարցապնդումների, որոնք քննարկելուց խմբակցությունը կամ պատգամավորական խումբը հրաժարվել է:

2. Խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իր հարցապնդումը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցապնդմանը կից կարող են ներկայացվել դրան առնչվող տեղեկանքներ, եզրակացություններ, տեղեկատվական ու վերլուծական այլ նյութեր:

3. Հարցապնդումը ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, Կառավարությունը գրավոր պատասխանում է հարցապնդման հեղինակ խմբակցությանը կամ պատգամավորական խմբին: Հարցապնդումները, ըստ դրանց պատասխանների ստացման հաջորդականության, ընդգրկվում են հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում, եթե հարցապնդման հեղինակ խմբակցությունը կամ պատգամավորական խումբը չի հրաժարվում իր հարցապնդումը քննարկելուց: Օրակարգում ընդգրկված հարցապնդումները քննարկվում են հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում: Հարցապնդումների քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների և պատգամավորական խմբերի թվաքանակի` փոքրից մեծ:

4. Հարցապնդումների քննարկումն սկսվում է հարցապնդման հեղինակ խմբակցության կամ պատգամավորական խմբի ներկայացուցչի և վարչապետի կամ նրա հանձնարարությամբ` Կառավարության համապատասխան անդամի կամ Կառավարությանը ենթակա պետական կառավարման մարմնի ղեկավարի մինչև 5-ական րոպե տևողությամբ ելույթներով, որից հետո նրանք նույն հերթականությամբ կարող են հանդես գալ մինչև 10-ական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով:

5. Հարցապնդման հեղինակ խմբակցության կամ պատգամավորական խմբի ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում կարող է առաջարկել ընդունել հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին որոշում, որը քվեարկության է դրվում հարցապնդման քննարկման վերջում:

6. Եթե քվեարկության արդյունքում սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված Ազգային ժողովի որոշումը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է միևնույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել չորս ամիս հետո:

7. Ազգային ժողովի նախագահը հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան մարմնին և (կամ) պաշտոնատար անձին, որոնք իրենց գրավոր պատասխաններն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում մինչև առաջիկա չորսօրյա նիստերի սկիզբը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Գրավոր պատասխանները` ըստ դրանց ստացման հաջորդականության, Ազգային ժողովի նախագահի կողմից հնչեցվում են հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա առաջին նիստի սկզբում:

8. Հարցապնդումները և դրանց պատասխանները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

(105.1-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։