Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը
Հոդված 21. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը
1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:
2. (մասն ուժը կորցրել է 26.05.08 ՀՕ-60-Ն)
3. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն օրենքի 25-րդ հոդվածում սահմանված սկզբունքները:
4. Մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանվում են Ազգային ժողովի որոշմամբ: Մշտական հանձնաժողովների թիվը սահմանվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում:
5. Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
6. Մշտական հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, տեղեկատվական, վերլուծական և մասնագիտական գործունեությունն ապահովում է մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և գործում է մշտական հանձնաժողովի ու Աշխատակազմի կանոնադրություններով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:
7. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար (օգնական) և 3 փորձագետ (մասնագետ): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքի է ընդունվում և ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:
7.1. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում վերակազմակերպված (միաձուլված, միացված, բաժանված) և (կամ) անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Աշխատակազմը մշտական հանձնաժողովներին ապահովում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, սահմանադրական դատարանի ընդունած ակտերով և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով:
(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ., խմբ, լրաց. 26.05.08 ՀՕ-60-Ն, լրաց., փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն, խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)