Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-04-09-ից մինչև 2016-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 24.4

գործել է մինչև 2016-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 24.4.

Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը

1. Էթիկայի հանձնաժողովը գործում է սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30.1-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետևյալ տարբերությամբ.

ա) հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են միայն հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին.

բ) հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց.

գ) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը.

դ) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումում նշված պատգամավորը: Դիմումի հեղինակը, ինչպես նաև սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաև պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների և դիմումում նշված պատգամավորի հարցերին.

ե) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս դիմումի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ` դիմումի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողով ներկայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովի անդամը: Սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողով նյութեր, փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացրած անձինք, ինչպես նաև պատգամավորի ներկայացուցիչը իրավունք ունեն ելույթ ունենալու, պատասխանելու հանձնաժողովի անդամների և դիմումի հեղինակի հարցերին.

զ) հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.

է) եթե հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ հանձնաժողովի որոշման կամ եզրակացության նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումը համարվում է մերժված, իսկ սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված հարցերով ներկայացված դիմումի քննարկումը համարվում է ավարտված.

ը) հանձնաժողովը պարտավոր է հնարավորություն տալ այն պատգամավորին, որին վերաբերում է դիմումը, պարզաբանումներ տալ դիմումում բարձրացված հարցերի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումն ամբողջությամբ: Եթե դիմումում նշված պատգամավորը հրաժարվել է մասնակցել հարցի քննարկմանը, ապա այդ հարցով Էթիկայի հանձնաժողովի ըստ էության որոշման կամ եզրակացության քննարկման օրվանից առնվազն 10 օր առաջ Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցին առնչվող նյութերն ուղարկում է պատգամավորին, որն իրավունք ունի նյութերը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, եթե Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ, Էթիկայի հանձնաժողով ուղարկելու դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն ու պարզաբանումները.

թ) հանձնաժողովի ընթացակարգային որոշումները պետք է լինեն գրավոր, իսկ ըստ էության որոշումները և եզրակացությունները` նաև պատճառաբանված, բացառությամբ սույն կետի «է» ենթակետով նախատեսված դեպքերի.

ժ) մինչև հանձնաժողովում քննարկվող դիմումի վերաբերյալ վերջնական որոշման կամ եզրակացության ընդունումը դիմումի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքի.

ժա) հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող այլ անձինք իրավունք չունեն հարցի քննարկման կամ ուսումնասիրման ընթացքում իրենց հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակելու` առանց նրանց գրավոր համաձայնության.

ժբ) պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե նա կամ նրա հետ փոխկապակցված անձը դիմումի հեղինակն է, կամ հանձնաժողովը քննում է նրանց հարցը:

2. Էթիկայի հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը Էթիկայի հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում:

Բացառությամբ սույն օրենքի 99.1-րդ հոդվածով նախատեսված դեպքի, Էթիկայի հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն Ազգային ժողովում չեն քննարկվում:

4. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-ից 5-րդ կետերը Էթիկայի հանձնաժողովի գործունեության վրա չեն տարածվում:

(24.4-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն, խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։