Հոդված 47. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը
Հոդված 47. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը
1. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և Կառավարությանը:
2. Օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:
3. Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է՝
ա) առաջադրվող օրենքի նախագիծը.
բ) օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր:
4. Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`
1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.
2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.
3) ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.
4) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:
Պատգամավորի առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`
1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.
2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին:
4.1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը սույն օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս սույն հոդվածի 4-րդ կետի`
1) 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացություն է համարվում կառավարության բյուջետային ուղերձը.
2) 4-րդ ենթակետով նախատեսված ամփոփաթերթ չի ներկայացվում, իսկ հանրային քննարկումների ընթացքում ստացված` կառավարության ընդունած դիտողությունները և առաջարկությունները ներառվում են սույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող ամփոփաթերթում:
4.2. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի դեպքում սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կարգով ներկայացվող եզրակացությունում նշվում են`
1) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.
2) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:
5. Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:
6. Չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:
(47-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-225-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-93-Ն, 07.12.10 ՀՕ-205-Ն)