Հոդված 52.1
Հոդված 52.1.
Օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի գրանցումը
1. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 52-րդ հոդվածի 3-րդ կետերի համաձայն` շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթները) և Ազգային ժողովի որոշման նախագծերը Աշխատակազմի կողմից գրանցվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր), որը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Ռեեստրը բաղկացած է հետևյալ բաժիններից.
ա) հերթական նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցեր.
բ) հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցեր.
գ) ամբողջությամբ ընդունված հարցեր:
3. Ռեեստրում գրանցված նախագծի 1-ին էջի վերևի ձախ անկյունում դրվում է փաստաթղթային կոդ, որը կազմված է միմյանցից գծիկներով բաժանված հետևյալ մասերից.
ա) ներկայացնողի անվանման հապավումը («Պ»՝ պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն, «Կ»՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնություն, «Ն»՝ Հանրապետության Նախագահի կողմից ներկայացված միջազգային պայմանագրեր կամ վերադարձված օրենքներ).
բ) Ռեեստրում հերթական համարը.
գ) շրջանառության մեջ դրվելու օրը, ամիսը և տարին.
դ) գլխադասային հանձնաժողովի անվանման հապավումը.
ե) փաստաթղթի տեսակը ներկայացնող թվերը («010»` օրենքի նախագիծ, «011»` Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ միջազգային պայմանագիր, «012»` Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, «013»` Ազգային ժողովի ուղերձի նախագիծ).
զ) օրենքի նախագծի քննարկման ընթացքը ներկայացնող թիվը («0»` դեռևս չի քննարկվել կամ քննարկվել է, սակայն դեռևս չի քվեարկվել, «1»՝ առաջին ընթերցմամբ ընդունվել է, «2»՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, «2ամբ.»՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է, «3»` երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է):
4. Օրենքների նախագծերի փաթեթի դեպքում առաջադրված օրենքի նախագիծն ունենում է Ռեեստրում նախագծերի փաթեթի գրանցման հերթական համարը, իսկ մյուս նախագծերն ունենում են նաև այդ համարին ավելացված լրացուցիչ համարներ:
5. Եթե հեղինակը ներկայացնում է օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի լրամշակված տարբերակ, ապա փաստաթղթային կոդում նշվում է նաև լրամշակված տարբերակը պաշտոնապես ներկայացնելու ամսաթիվը, իսկ Ռեեստրում տեղադրվում է լրամշակված նախագծի տեքստը:
6. Եթե օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հեղինակները միացնում են Ռեեստրում տեղադրված մեկ այլ նախագծի, ապա միավորված նախագիծը (նախագծերի փաթեթը) ունենում է Ռեեստրում տեղադրված բոլոր նախագծերի փաստաթղթային կոդերը, իսկ Ռեեստրում հրապարակվում է միասնական տեքստը:
7. Ռեեստրի՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված բաժնում ընդգրկված նախագծի անվանումը հիշատակելիս (արտահայտելիս, այլ փաստաթղթում նշելիս, հղումներ կատարելիս), այդ թվում՝ նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություններ կամ առաջարկություններ ներկայացնելիս, նախագիծն Ազգային ժողովի օրակարգերի նախագծերում ընդգրկելիս, նախագիծը երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելիս, ինչպես նաև առաջին կամ երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագիծն իրավասու մարմիններ ուղարկելիս նշվում է նաև փաստաթղթային կոդը: Նախագծերի փաթեթի անվանումը հիշատակելիս կարող է նշվել միայն առաջադրված նախագծի փաստաթղթային կոդը:
(52.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)