Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող կազմակերպությունը` այդ Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն. սակայն եթե այդ շահաբաժինների փաստացի սեփականատերը
հանդիսանում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա այդ դեպքում գանձված հարկը չի կարող գերազանցել`
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը կազմակերպություն է (ոչ ընկերակցություն) և ուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության բաժնետիրական կապիտալի առնվազն 10 տոկոսը,
բ) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:
Սույն պարբերության դրույթները չեն ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև` եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է հարկային կարգավորման այնպես, ինչպես կարգավորվում է բաժնետոմսերից եկամուտը` այն Պայմանավորվող պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պայմանավորվող պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պայմանավորվող պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: