Հոդված 7
Հոդված 7
ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ պարբերության դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող` միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության նպատակներով կատարված ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` կատարված են դրանք այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղում:
4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա այդ Պայմանավորվող պետությանը 2-րդ պարբերությամբ չի արգելվում որոշել հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:
5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չէ այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:
6. Նախորդ պարբերությունների նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:
7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնք առանձին քննարկվում են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: