Հոդված 31
Հոդված 31
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով՝ մինչև դադարեցվի Պայմանավորվող պետություններից մեկի կողմից:
2. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած 5 տարի հետո, որևէ օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 ամիս առաջ այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելով: Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը երկու Պայմանավորվող պետությունների համար՝
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցագիրը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված կամ հաշվարկված եկամուտների նկատմամբ, և
բ) եկամտի կամ գույքի մյուս հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցագիրը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո սկսվող` հարկման ենթակա տարիների համար:
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Բրատիսլավա քաղաքում 2015 թվականի մայիսի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սլովակերեն և անգլերեն: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի ստորագրման պահին պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները համաձայնության եկան հետևյալի շուրջ.
1. Համաձայնագրի մեկնաբանությունը
Համաձայնացված է, որ Համաձայնագրի դրույթները, որոնք մշակվել են ՏՀԶԿ-ի Եկամուտների և գույքի կոնվենցիայի և ՄԱԿ-ի Զարգացած և զարգացող երկրների միջև կրկնակի հարկման մոդելային համաձայնագրի դրույթներին համապատասխան, ունեն նույն իմաստը, որն ամրագրված է ՏՀԶԿ-ի և ՄԱԿ-ի մեկնաբանություններում: Նախորդ նախադասության միտքը չի կարող կիրառվել ցանկացած այլ մեկնաբանության նկատմամբ, որը համաձայնեցվել է համապատասխան լիազորված մարմինների միջև` համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
2. 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետ (Ռեզիդենտ)`
«Փաստացի կառավարման վայր» տերմինը այն վայրն է, որտեղ կայացվում են կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ առանցքային կառավարչական և առևտրային որոշումները:
3. 5-րդ հոդվածի 4-րդ ենթակետ (Մշտական հաստատություն)
Համաձայնեցին, որ «առաքում» հասկացությունն իր մեջ չի ներառում հետևյալ դեպքերը
ա) տոնավաճառներում ցուցադրված ապրանքների վաճառքը` տոնավաճառի ավարտից հետո,
բ) առաքման համար նախատեսված խանութներից վաճառքի իրականացումը:
4. 7-րդ հոդվածի 3-րդ կետ (Ձեռնարկատիրական գործունեությունից շահույթ)
Համաձայնեցին, որ Հայաստանում նվազեցվող ծախսեր են համարվում միայն այն ծախսերը, որոնք սահմանված են ՀՀ ներքին օրենսդրությամբ:
5. 11-րդ հոդվածի 3-րդ կետ (Տոկոսներ)
Սլովակիայի Հանրապետության դեպքում 11-րդ հոդվածի 3-րդ կետում «ֆինանսական կազմակերպություն» տերմինը նշանակում է
ա) Սլովակիայի Ազգային բանկ,
բ) Սլովակիայի Հանրապետության արտահանման-ներմուծման բանկ,
գ) Սլովակիայի երաշխիքների և զարգացման բանկ,
դ) Սլովակիայի պարտքի և իրացվելիության կառավարման գործակալություն:
6. 26-րդ հոդվածի 2-րդ կետ (Տեղեկությունների փոխանակում)
Պայմանավորվող Կողմերի պետությունների լիազորված ներկայացուցիչները կարող են թույլ տալ հարկային մարմիններին փոխանակել տեղեկություններ այլ իրավապահ և դատական մարմիններին առաջնային նշանակություն ունեցող որոշ հարցերի դեպքում (օր.` փողերի լվացման դեմ պայքար, կոռուպցիա, ահաբեկչության ֆինանսավորում):
Սույն Արձանագրությունը հանդիսանում է վերոնշյալ Համաձայնագրի անբաժանելի մասը:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` համապատասխան ձևով լիազորված ներքո ստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարվել է ք. Բրատիսլավայում, 2015 թվականի մայիսի 15-ին, երկու նույնական բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, սլովակերեն և անգլերեն լեզուներով: Տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարի 9-ին