Հոդված 14
Հոդված 14
ԵԿԱՄՈՒՏ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
1. Հաշվի առնելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` վարձու աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, եթե այդ վարձու աշխատանքը չի կատարվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը կատարվում է այդ կերպով, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Չնայած 1-ին պարբերության դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված Պայմանավորվող պետությունում, եթե.
ա) ստացողը դիտարկվող ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատությունը:
3. 2-րդ պարբերության ա ենթակետում նշված ժամանակահատվածի հաշվարկման համար հաշվի են առնվում.
ա) ֆիզիկական ներկայության բոլոր օրերը, այդ թվում` նաև ժամանման և մեկնման օրերը,
բ) Պայմանավորվող պետությունում աշխատելու ժամանակ գործուղման մեկնելու ժամանակահատվածը, որն ուղղակիորեն կապված է տվյալ Պայմանավորվող պետությունում աշխատանքի հետ:
4. 2-րդ պարբերության բ ենթակետում նշված «գործատու» տերմինը նշանակում է` անձ, ով կատարված աշխատանքի համար ունի իրավունք և կրում է աշխատանքի կատարման հետ կապված պատասխանատվություն և ռիսկ:
5. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից իրականացվող միջազգային փոխադրումներում շահագործվող նավի տախտակամածի վրա կամ օդանավում վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում: