Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե համատեքստն այլ բան չի պահանջում.

ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են՝ Հայաստան կամ Սլովակիայի Հանրապետություն,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն, և երբ այն օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է՝ տարածք, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` համաձայն ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի,

գ) «Սլովակիայի Հանրապետություն» տերմինը նշանակում է Սլովակիայի Հանրապետություն, և երբ այն օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է՝ տարածք, որի նկատմամբ Սլովակիայի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` համաձայն ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի,

դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,

զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,

է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները, համապատասխանաբար, նշանակում են՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող կողմի պետությունում գտնվող վայրերի միջև,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

i) Հայաստանի Հանրապետության դեպքում` ֆինանսների նախարարություն կամ վերջինիս լիազորված ներկայացուցիչ,

ii) Սլովակիայի Հանրապետության դեպքում` ֆինանսների նախարարություն կամ վերջինիս լիազորված ներկայացուցիչ,

ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է.

i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

ii) Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, բաժնետիրական ընկերություն կամ ընկերակցություն,

ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեությունների իրականացումը:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագրի կիրառման ցանկացած պահի դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստն այլ բան չի պահանջում, պետք է ունենա այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին տվյալ Պայմանավորվող պետության օրենքի համաձայն` այն հարկատեսակների մասով, որոնց նկատմամբ Համաձայնագիրը կիրառվում է. ընդ որում` այդ Պայմանավորվող պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պայմանավորվող պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։