Հոդված 5
Հոդված 5
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է, մասնավորապես՝
ա) կառավարման վայրը,
բ) մասնաճյուղը,
գ) գրասենյակը,
դ) գործարանը,
ե) արհեստանոցը, և
զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցք, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայրը:
3. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է նաև՝
ա) շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը, բայց միայն այն դեպքում, երբ այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը 9 ամսից ավել է.
բ) Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական ծառայությունները` այդ նպատակով ձեռնարկության կողմից վարձված աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով, բայց միայն այն դեպքում, երբ այդ բնույթի գործունեությունը մյուս Պայմանավորվող Կողմի պետության տարածքում (նույն կամ այդ ծրագրի հետ կապված ծրագրի համար) ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում շարունակվում է այնքան ժամկետով կամ ժամկետներով, որը գերազանցում է 6 ամիսը:
4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում՝
ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,
դ) գործունեության կայուն վայրի պահումը` ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,
ե) գործունեության կայուն վայրի պահումը՝ ձեռնարկության համար բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
զ) գործունեության կայուն վայրի պահումը բացառապես ա-ե ենթապարբերություններում նշված գործունեությունների ցանկացած համակցության համար` պայմանով, որ գործունեության կայուն վայրի պահման ամբողջական գործունեությունը այդ համակցության արդյունքում շարունակում է կրել նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:
5. Չնայած 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ չհանդիսացող անձը, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ պարբերությունը, գործում է ձեռնարկության անունից և Պայմանավորվող պետությունում ունի և սովորաբար իրականացնում է ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա այդ ձեռնարկությունը այդ Պայմանավորվող պետությունում համարվում է մշտական հաստատություն ունեցող` այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ պարբերությունում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության մշտական վայրի միջոցով, այդ պարբերության դրույթների համաձայն` այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության:
6. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պայմանավորվող պետությունում բրոքերի, առևտրային գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ նման անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պայմանավորվող պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության: