Հոդված 2
Հոդված 2
Այն հարկերը, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիան
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է՝
ա. Կողմի սահմանած հետևյալ հարկերի նկատմամբ.
i. եկամտահարկ կամ շահութահարկ,
ii. կապիտալի հավելաճից գանձվող հարկեր, որոնք առանձին գանձվում են եկամտային հարկից կամ շահութահարկից,
iii. զուտ ակտիվներից գանձվող հարկեր,
և
բ. հետևյալ հարկերի նկատմամբ.
i. եկամտահարկ, շահութահարկ, կապիտալի հավելաճից կամ զուտ ակտիվներից գանձվող հարկեր, որոնք սահմանված են Կողմի վարչատարածքային միավորների կամ տեղական մարմինների կողմից,
ii. պետական կառավարման մարմիններին կամ հանրային իրավունքի համաձայն ստեղծված սոցիալական ապահովության մարմիններին վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, և
iii. Կողմի սահմանած այլ կատեգորիաներում ներառված հարկեր՝ բացառությամբ մաքսատուրքերի, մասնավորապես՝
Ա. գույքի, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացած գույքի նկատմամբ կիրառվող հարկեր,
Բ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվող հարկեր,
Գ. ընդհանուր սպառողական հարկեր, ինչպիսին են ավելացված արժեքի հարկը կամ շրջանառության հարկը,
Դ. ապրանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող հատուկ հարկեր, ինչպես, օրինակ, ակցիզային հարկը,
Ե. ավտոմեքենաների օգտագործման կամ սեփականության նկատմամբ կիրառվող հարկեր,
Զ. ավտոմեքենաներից բացի այլ շարժական գույքի օգտագործման կամ սեփականության նկատմամբ կիրառվող հարկեր,
Է. ցանկացած այլ հարկ,
iv. վերը նշված iii ենթակետում վկայակոչված կատեգորիաներում ներառված հարկերը, որոնք սահմանվում են Կողմի վարչատարածքային միավորների կամ տեղական մարմինների կողմից:
2. Գոյություն ունեցող հարկեր, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան, թվարկված են Ա հավելվածում՝ 1-ին կետում նշված կատեգորիաներում:
3. Կողմերը ծանուցում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին կամ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարին (այսուհետ՝ ավանդապահներ) 2-րդ կետում նշված ցանկի փոփոխման արդյունքում Ա հավելվածում կատարված ցանկացած փոփոխության մասին: Այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Կոնվենցիան կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էականորեն նման այնպիսի հարկերի նկատմամբ` դրանց սահմանման պահից, որոնք նախատեսվել են Պայմանավորվող պետությունում՝ տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո՝ ի լրումն Ա հավելվածում թվարկված արդեն իսկ գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն, և այդ դեպքում համապատասխան Կողմը ծանուցում է ավանդապահներից որևէ մեկին տվյալ հարկի սահմանման մասին: