Հոդված 28
Հոդված 28
Կոնվենցիայի ստորագրումը և ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և ՏՀԶԿ անդամ երկրների կողմից ստորագրման համար։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահներից մեկին։
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ հինգ երկիր տվել է կոնվենցիան իր համար պարտադիր լինելու համաձայնություն՝ 1-ին կետի դրույթներին համապատասխան։
3. Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կամ ՏՀԶԿ ցանկացած անդամ պետության համար, որը դրանից հետո է տալիս Կոնվենցիան իր համար պարտադիր լինելու համաձայնություն, այն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։
4. Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետություն կամ ՏՀԶԿ ցանկացած անդամ երկիր, որը Կոնվենցիայի Կողմ է դառնում սույն Կոնվենցիան փոփոխող Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, որը բացվել է ստորագրման համար 2010 թվականի մայիսի 27-ին («2010 թվականի Արձանագրություն»), կհամարվի Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի Կողմ, եթե չի հայտնում այլ մտադրության մասին ավանդապահներից որևէ մեկին ուղղված գրավոր ծանուցմամբ։.2
5. 2010 թվականի Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի կամ ՏՀԶԿ անդամ չհանդիսացող ցանկացած պետություն կարող է դիմել՝ 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված սույն Կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու հրավեր ստանալու համար: Ցանկացած այդպիսի դիմում պետք է հասցեագրել ավանդապահներից որևէ մեկին, որն այն փոխանցում է Կողմերին: Ավանդապահը տեղեկացնում է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին և ՏՀԶԿ խորհրդին: Սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու համար դիմած պետություններին հրավեր ներկայացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է Կոնվենցիայի Կողմերի փոխհամաձայնությամբ՝ համակարգող մարմնի միջոցով: Սույն կետի համաձայն՝ 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիան վավերացնող ցանկացած պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման մասին փաստաթուղթն ավանդապահներից որևէ մեկին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։
6. 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված սույն Կոնվենցիայի դրույթները գործում են հարկվող այն ժամանակահատվածների առնչությամբ վարչական աջակցություն ցուցաբերելու համար, որոնք սկսվում են 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիան Կողմի համար ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո, կամ հարկվող որևէ ժամանակահատվածի բացակայության դեպքում՝ 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիան Կողմի համար ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո առաջացած հարկերի գանձման առնչությամբ վարչական աջակցություն ցուցաբերելու համար։ Ցանկացած երկու կամ ավել Կողմ կարող են փոխադարձ համաձայնության գալ, որ 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիան գործի հարկվող ավելի վաղ ժամանակահատվածների կամ հարկերի գանձման առնչությամբ վարչական աջակցություն ցուցաբերելու նկատմամբ։.1
7. Չնայած 6-րդ կետին՝ այնպիսի դիտավորությամբ կատարված արարք ներառող հարկային հարցերի դեպքում, որի համար, դիմող Կողմի քրեական իրավունքի համաձայն, նախատեսվում է պատասխանատվություն, 2010 թվականի Արձանագրությամբ փոփոխված սույն Կոնվենցիայի դրույթները Կողմի համար ուժի մեջ մտնելու օրվանից գործում են հարկման ավելի վաղ ժամանակահատվածների կամ հարկերի գանձման նկատմամբ: