Հոդված 21
Հոդված 21
Անձանց պաշտպանությունը և աջակցություն տրամադրելու պարտավորության սահմանները.3
1. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի ազդում հայցվող պետության օրենքներով կամ վարչական գործելակերպով անձանց վերապահված իրավունքների և երաշխիքների վրա։
2. Բացառությամբ 14-րդ հոդվածի՝ սույն Կոնվենցիայի դրույթները չպետք է մեկնաբանվեն այնպես, որ հայցվող պետության նկատմամբ սահմանվեն հետևյալ պարտավորությունները.
ա. իրականացնել միջոցառումներ, որոնք չեն համապատասխանում իր իսկ օրենքներին կամ վարչական գործելակերպին կամ դիմող պետության օրենքներին կամ վարչական գործելակերպին,
բ. իրականացնել միջոցառումներ, որոնք կհակասեն հանրային կարգին (ordre public),
գ. տրամադրել տեղեկություն, որը հնարավոր չէ ձեռք բերել իր իսկ օրենքների կամ վարչական գործելակերպի համաձայն կամ դիմող պետության օրենքների կամ վարչական գործելակերպի համաձայն,
դ. տրամադրել տեղեկություն, որով կբացահայտվի որևէ առևտրային, գործարար, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ՝ տեղեկություն, որի բացահայտումը կհակասի հանրային կարգին (ordre public),
ե. տրամադրել վարչական աջակցություն այն դեպքում և այնքանով, որքանով համարվում է, որ դիմող պետությունում հարկումը հակասում է հարկման համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին կամ կրկնակի հարկումից խուսափելու համար կնքված կոնվենցիայի կամ հայցվող պետության կողմից դիմող պետության հետ կնքված ցանկացած այլ կոնվենցիայի դրույթներին,
զ. տրամադրել վարչական աջակցություն՝ դիմող պետության հարկային օրենսդրության այնպիսի դրույթ կամ դրա հետ կապված ցանկացած այնպիսի պահանջ կիրառելու կամ կատարելու նպատակով, որով խտրական վերաբերմունք է դրսևորվում հայցվող պետության քաղաքացու նկատմամբ՝ միևնույն հանգամանքներում դիմող պետության քաղաքացու համեմատությամբ,
է. տրամադրել վարչական աջակցություն այն դեպքում, երբ դիմող պետությունը չի իրականացրել իր օրենքների կամ վարչական գործելակերպի շրջանակներում հասանելի բոլոր ողջամիտ միջոցառումները՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ միջոցառումների իրականացումը կարող է առաջացնել անհամաչափ դժվարություններ,
ը. տրամադրել աջակցություն բռնագանձման հարցում այն դեպքերում, երբ այդ պետության վարչական բեռը հստակորեն անհամաչափ է դիմող պետությունից սպասվելիք օգուտի նկատմամբ։
3. Եթե դիմող պետությունը սույն Կոնվենցիայի համաձայն տեղեկություն տրամադրելու վերաբերյալ հարցում է ներկայացրել, ապա հայցվող պետությունն օգտագործում է տեղեկություններ հավաքելու իր միջոցները պահանջվող տեղեկությունը ձեռք բերելու համար, եթե նույնիսկ հայցվող պետությանն իր սեփական հարկային նպատակների համար կարող է անհրաժեշտ չլինել այդ տեղեկությունը։ Նախորդ նախադասության մեջ ընդգրկված պարտավորության վրա տարածվում են սույն Կոնվենցիայում առկա սահմանափակումները, սակայն այդ սահմանափակումները, մասնավորապես՝ 1-ին և 2-րդ կետերով նախատեսվածները, ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես այնպիսի սահմանափակումներ, որոնցով հայցվող պետությանը թույլատրվում է մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ այդ տեղեկությունը ազգային մակարդակով հետաքրքրություն չի ներկայացնում իր համար։
4. Սույն Կոնվենցիայի, ներառյալ, մասնավորապես՝ 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես այնպիսի սահմանափակումներ, որոնցով հայցվող պետությանը թույլատրվում է մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ այդ տեղեկությունները տնօրինում է բանկը, ֆինանսական այլ հաստատություն, գործակալության կամ վստահված անձի կարգավիճակով հանդես եկող լիազորված սուբյեկտը կամ անձը, կամ այն պատճառով, որ դա վերաբերում է անձի կողմից սեփականության իրավունքի մասով հետապնդվող շահերին: