Հոդված 14. Հարկադրանքի միջոցների կիրառման սկզբունքները
Հոդված 14. Հարկադրանքի միջոցների կիրառման սկզբունքները
1. Հարկադրանքի միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումը:
2. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կարող է կիրառվել միայն նրա իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված կառուցակարգերի ու ընթացակարգերի շրջանակներում:
3. Կիրառման ենթակա հարկադրանքի միջոցը պետք է պիտանի և անհրաժեշտ լինի օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար: Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահի պաշտպանության նպատակին:
4. Հարկադրանքի միջոց ընտրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողն առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի նկատմամբ կիրառել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով հնարավոր է ապահովել սույն օրենքով նախատեսված լիազորության պատշաճ իրականացումը:
5. Անձի անձնական անձեռնմխելիությանը միջամտող ֆիզիկական հարկադրանքը անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա կամավոր չի կատարում ոստիկանության գվարդիայի ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջը:
6. Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի, եթե վերացել են դրա կիրառման՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:
7. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառումը չպետք է պարունակի պատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառելու տարրեր:
8. Հարկադրանքի միջոցի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության գվարդիայի ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ ոստիկանության գվարդիայի հրամանատարը նույն ժամկետում և նույն կարգով՝ ոստիկանության պետին:
9. Հարկադրանքի միջոցի ոչ իրավաչափ կիրառումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: