Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

Հոդված 17. Բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը

1. Բնակելի կամ այլ տարածքներ, այդ թվում՝ հողամասեր, շենքեր, շինություններ կամ այլ օբյեկտներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ մուտք գործելն անձի մասնավոր կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքների կարճաժամկետ սահմանափակումն է:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է մուտք գործելու բնակելի կամ այլ տարածքներ, այդ թվում՝ հողամասեր, շենքեր, շինություններ կամ այլ օբյեկտներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ (բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների), եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է՝

1) անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար,

2) անձի կյանքի, առողջության կամ գույքի դեմ ուղղված հանցանքի կատարումը խափանելու համար,

3) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կամ հետախուզման մեջ գտնվող անձին հետապնդելիս նրան ձերբակալելու համար,

4) հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողն անհրաժեշտության դեպքում բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելու համար իրավասու է վերացնելու դրան խոչընդոտող ֆիզիկական արգելքները:

4. Ոստիկանության գվարդիայի ծառայողը բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելուց առաջ դրանց օրինական տիրապետողին կամ այնտեղ գտնվող անձանց պարտավոր է տեղեկացնել իր մտադրության և գործողությունների նպատակի մասին, եթե ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն հնարավոր է:

5. Ոստիկանության գվարդիայի ծառայողը բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելիս պարտավոր է ձեռնպահ մնալ անձանց կյանքը և առողջությունը վտանգող, պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող գործողություններ կատարելուց, առանց անհրաժեշտության չվնասել նրանց գույքը, չհրապարակել անձանց մասնավոր կյանքին վերաբերող իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

6. Ոստիկանության գվարդիայի ծառայողը բնակելի կամ այլ տարածքի, տրանսպորտային միջոցի օրինական տիրապետողին հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է այնտեղ մուտք գործելու մասին, եթե դա տեղի է ունեցել նրա բացակայությամբ:

7. Բնակելի կամ այլ տարածք, տրանսպորտային միջոց մուտք գործելուց հետո ոստիկանության գվարդիայի ծառայողը կազմում է արձանագրություն, որում նշում է դրա հակիրճ նկարագիրը, գտնվելու վայրը, օրինական տիրապետողի կամ այնտեղ գտնվող անձանց տվյալները, մուտք գործելու նպատակը, կատարված գործողությունները, իսկ առկայության դեպքում՝ նաև պատճառված վնասի նկարագրությունը: Արձանագրության պատճենը հանձնվում կամ ուղարկվում է բնակելի կամ այլ տարածքի, տրանսպորտային միջոցի օրինական տիրապետողին:

8. Ոստիկանության գվարդիայի ծառայողը պարտավոր է ձեռնարկել բնակելի կամ այլ տարածքի, տրանսպորտային միջոցի և այնտեղ գտնվող գույքի պահպանության համար անհրաժեշտ միջոցներ մինչև այն օրինական տիրապետողին կամ իրավասու մարմնին հանձնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։