Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

Հոդված 24. Ուժային միջոցների գործադրման տիրույթում գտնվող անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Ուժային միջոցների գործադրման տիրույթում գտնվող անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները

1. Արգելվում է ուժային միջոցներ գործադրել՝

1) հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգություն կատարելու, զինված հարձակում գործելու, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տալու դեպքերի),

2) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների տարածքներում (բացառությամբ երբ ուժային միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով):

2. Հրազենի գործադրումն արգելվում է մարդկանց զգալի կուտակումների վայրերում, եթե առկա է այլ անձանց վնաս պատճառելու իրական վտանգ:

3. Պայթյունավտանգ հատուկ միջոցները և հրազենը չեն կարող գործադրվել այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

4. Արգելվում է ջրանետի գործադրումը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

5. Ուղևորների առկայության դեպքում ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները չեն կարող հարկադրաբար կանգնեցվել (արգելափակվել):

6. Արգելվում է ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ հրազենի կամ դրա ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Արգելվում է ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ այնպիսի հատուկ միջոցներ կամ դրանց տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց տեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերի հիման վրա:

7. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը պարտավոր է մարմնական վնասվածք ստացած անձին ցուցաբերել առաջին օգնություն կամ միջոցներ ձեռնարկել այն ապահովելու համար` բժշկական հաստատությանն անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքի ու մահվան բոլոր դեպքերի մասին:

8. Ուժային միջոց գործադրած ոստիկանության գվարդիայի ծառայողի անմիջական ղեկավարը (հրամանատարը) սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի մասին պարտավոր է անմիջապես, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

9. Ուժային միջոցի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության գվարդիայի ծառայողն անհապաղ գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ ոստիկանության գվարդիայի հրամանատարը նույն կարգով՝ ոստիկանության պետին՝ նշելով գործադրված ուժային միջոցի տեսակը և քանակը, գործադրման նպատակը, ժամանակը, պայմանները, անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձին, որի նկատմամբ այն գործադրվել է, մարմնական վնասվածք ստացած անձին առաջին օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները, մարմնական վնասվածք ստացած անձին կամ մահացածին տեղափոխելու վայրը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության գվարդիայի ծառայողները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։