Հոդված 8. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս
Հոդված 8. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս
1. Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս ոստիկանության գվարդիան լիազորված է՝
1) իրականացնելու պարեկապահակետային ծառայություն հասարակական վայրերում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում և այլն),
2) ապահովելու հանրային միջոցառումների (հավաքների, երթերի, մարզական ու մշակութային միջոցառումների, ընտրությունների և այլն) բնականոն ընթացքը, պաշտպանելու դրանց մասնակիցների իրավունքները և իրավաչափ շահերը,
3) իրականացնելու «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված ոստիկանության պարտականությունները,
4) հանցանք կամ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածելու բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգելու ենթադրյալ իրավախախտի անձը հաստատող փաստաթղթերը,
5) պահանջելու անձից դադարեցնել հանցանքի կամ վարչական իրավախախտման կատարումը,
6) կանխելու և խափանելու հանցանքի, վարչական իրավախախտման կատարումը,
7) քննելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը,
8) հանցանքների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման նպատակով համագործակցելու ոստիկանության այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ,
9) «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքին համապատասխան՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը ոստիկանության գվարդիան իրավասու է իրականացնելու նաև պայմանագրային հիմունքներով, եթե մարզական, մշակութային կամ այլ միջոցառում կազմակերպում են մասնավոր անձինք: