Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Տոկոսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Տոկոսներ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք, համապատասխան այդ Պետության օրենսդրության, առաջանում են, բայց եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 8%-ը:

3. Անկախ 2-րդ կետի դրույթներից` Պայմանավորվող պետությունում առաջացած տոկոսները կազատվեն հարկումից այդ Պետությունում, եթե այդ տոկոսները ստացվել և փաստացի տնօրինվում են մյուս Պայմանավորվող պետության կառավարության կամ կենտրոնական բանկի կողմից:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից` անկախ գրավային ապահովումից և անկախ պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու շահումները: Սույն հոդվածի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտարկվի:

5. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ կամ 14-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որի առնչությամբ առաջացել է պարտքը, որի համար վճարվել են տոկոսները, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի տոկոսները կհամարվեն առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջի առնչությամբ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների գերազանցող մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։