Հոդված 11. Պարտադիր կուտակային վճարների հաշվին կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռքբերումը
Հոդված 11. Պարտադիր կուտակային վճարների հաշվին կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռքբերումը
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը հարկային մարմնի` սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականում նշված չափով պարտադիր կուտակային վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան գումարները փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում բացված հաշվին:
2. Մասնակիցների ռեեստրը վարողը հարկային մարմնի տրամադրած` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը համադրում է իր մոտ բացված կենսաթոշակային հաշիվների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնից ստացված միջոցների հետ, որից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարը ստանալուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում`
1) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին է փոխանցում մասնակցի ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը կազմակերպում է մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն,
2) սույն մասի 1-ին կետի համաձայն` մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցված փայերի տեղաբաշխման գնին համարժեք գումարը փոխանցում է համապատասխան կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած հաշվին,
3) յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն մասի 1-ին կետի համաձայն կենսաթոշակային հաշիվներին փոխանցված համապատասխան կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի և սույն մասի 2-րդ կետի համաձայն փոխանցված գումարի վերաբերյալ՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին:
3. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով չեն կարող սահմանվել յուրաքանչյուր մասնակցի կողմից ձեռք բերվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի կամ դրա դիմաց վճարվող գումարի սահմանափակումներ:
4. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին տրամադրում է տեղեկատվություն մասնակիցների կուտակային վճարների ընդհանուր գումարի մասին: Տեղեկատվությունը տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին` առանց որևէ նույնականացվող տեղեկության, այսինքն` կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները չեն տիրապետում որևէ տեղեկատվության, որը նրանց հնարավորություն կտա նույնականացնելու կոնկրետ մարդուն: Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին կարող է տրամադրել առավելագույնը սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվությունը:
5. Կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջներ: