Հոդված 8. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը
Հոդված 8. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը
1. Իրենց աշխատողների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:
Գործատուները հարկային գործակալ են համարվում նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի և 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած անձանց համար, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների և ծառայություններ մատուցողների համար:
2. Գործատուները պարտավոր են հարկային մարմնից ճշտել` արդյոք իրենց աշխատողները համարվում են պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք, և այդ անձանց բազային եկամտից հաշվարկել, պահել և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում կատարել կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափով:
Գործատուները պարտավոր են նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի, 2-րդ կետի և 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների բազային եկամտից հաշվարկել, պահել և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում յուրաքանչյուր ամիս կատարել կուտակային վճար` սույն օրենքով սահմանված դրույքաչափով:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձի պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու մասին որոշման կայացված լինելու փաստը գործատուի և հարկային մարմնի միջև ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում անձնավորված էլեկտրոնային հաշվետվություն, որը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.
ա) մասնակցի, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների և ծառայություններ մատուցողների, անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը,
բ) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ) մասնակցի բազային եկամտի չափը,
դ) մասնակցի կուտակային վճարի չափը,
ե) գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը:
4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների և ծառայություններ մատուցողների, պարտավոր են ինքնուրույն հաշվարկել և կատարել պարտադիր կուտակային վճարներ տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները (ծառայություններ մատուցողները), օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, և որոնք միացած են (կամ պարտավոր էին միանալ) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, և որոնց գործատուները օրենքով կամ միջազգային պայմանագրերով ազատված են հարկային գործակալ լինելու պարտավորությունից, պարտավոր են յուրաքանչյուր ամիս ինքնուրույնաբար հաշվարկել և վճարել պարտադիր կուտակային վճարները` սույն օրենքով գործատուների համար սահմանված կանոններով:
5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված անձինք և ինքնազբաղված անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների և ծառայություններ մատուցողների, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային հաշվետվություն, որը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները.
ա) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ինքնազբաղված անձի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը,
բ) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ինքնազբաղված անձի բազային եկամտի չափը,
դ) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ, ինքնազբաղված անձի պարտադիր կուտակային վճարի չափը,
ե) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ և ինքնազբաղված անձի (ունենալու դեպքում) հարկ վճարողի հաշվառման համարը:
6. Հարկային մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է հաշվետվության ձևը, որում կարող են նախատեսվել նաև այլ տեղեկություններ, որոնք պետք է ներառվեն հաշվետվությունում: