Հոդված 7. Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը
Հոդված 7. Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով հետևյալ կերպ.
1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.
2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500000 դրամը) համար (օգտին) պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից.
3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6000000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.
4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի (որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6000000 դրամը) համար (օգտին) պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարվում է մասնակցի կողմից:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը կուտակային վճարներ է կատարում բազային եկամտի 5%-ի չափով: Նրա համար (օգտին) պետական բյուջեից հավելյալ վճար չի կատարվում:
Եթե 1974 թվականից հետո ծնված և պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած ինքնազբաղված անձինք մինչև իրենց 40 տարեկանը լրանալն անցնում են աշխատանքի որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, ապա նրանց վարձու աշխատանքից կամ որպես նոտար կամ անհատ ձեռնարկատեր աշխատելուց ստացված բազային եկամտի հանդեպ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասը, իսկ ինքնազբաղվածությունից առաջացած եկամտի հանդեպ կիրառվում է սույն մասի առաջին պարբերությունը: Եթե վարձու աշխատողը, նոտարը կամ անհատ ձեռնարկատերը դառնում է ինքնազբաղված անձ և հանդիսանում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, ապա նրա վրա սույն հոդվածի 1-ին մասի փոխարեն տարածվում է սույն մասի առաջին պարբերությունը:
3. Մասնակցի` սույն օրենքով սահմանված բազային եկամուտ մի քանի աղբյուրներից միաժամանակ ստանալու դեպքում կուտակային վճարները կատարելու պարտավորությունը և կուտակային վճարի դրույքաչափը կիրառվում են յուրաքանչյուր առանձին դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված և մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցների համար (օգտին) պետության կողմից կատարվող ընդհանուր վճարները չեն կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասով պետության վճարների համար սահմանված չափերը: Մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը, լրավճարել իր համար կենսաթոշակային վճար` իր տարեկան բազային եկամտի 10 տոկոսի և պետության կատարած համապատասխան վճարների տարբերության չափով:
4. Կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում: Մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն, քանի դեռ մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցից չի ստացել կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ դիմում: Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կուտակային կենսաթոշակ ստանալու մասին տեղեկացնում է պարտադիր կուտակային վճարները հավաքագրող և անձնավորված հաշվառում իրականացնող լիազորված մարմնին (այսուհետ` հարկային մարմին):